«Զանգվածային հարձակում» Կիևի վրա. կան զոհեր և վիրավորներ | azatutyun.am

«Զանգվածային հարձակում» Կիևի վրա. կան զոհեր և վիրավորներ | azatutyun.am

azatutyun.am Վաղ առավոտյան Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ռուսական անօդաչու թռչող սարքերի ու հրթիռային հարվածների հետևանքով առնվազն 9 զոհ կա, բազմաբնակարան շենքեր են տուժել, հայտնում է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ փրկարարական ջոկատները փորձել են բնակիչներին դուրս բերել գիշերային հրետակոծությունից ավերված շենքերից։ 24 մարդ վիրավորվել է, հայտնել է նա։ Կլիչկոն նաև մանրամասնել է, որ միայն Պոդիլսկիի շրջանում չորս բնակելի շենք է թիրախավորվել։

Նրա խոսքով՝ հրդեհ է բռնկվել Դարնիցկիի 30-հարկանի շենքում, որտեղ անցյալ հինգշաբթի Ռուսաստանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր և տասնյակ հրթիռներ էր արձակել՝ խլելով առնվազն 30 մարդու կյանք:

Քաղաքում օդի որակի վատթարացման պատճառով բնակիչներին հորդորել են փակել պատուհանները։ Բնակիչները պատսպարվել են մետրոպոլիտենի կայարաններում, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներում:

Ուկրաինայի հարևան ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանը որպես կանխարգելիչ միջոցառում կարճ ժամանակով կործանիչներ էր օդ բարձրացրել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ զգուշացրել էր սպասվող ռուսական հարձակման մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանը «զանգվածային» հարձակում է իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի և այլ վայրերի վրա՝ օգտագործելով հեռահար, բարձր ճշգրտության զենքեր և անօդաչու թռչող սարքեր։

Նախարարությունը նաև հայտնել է, որ հարվածներ է հասցվել Կիևի և Կիևի մարզի ռազմական և էներգետիկ օբյեկտներին, ինչպես նաև Ուկրաինայի մի շարք այլ շրջանների ռազմական օդանավակայաններին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն