ԱՄՆ-ը հարվածել է Իրանին, Թեհրանը՝ Հորդանանում ամերիկյան ավիաբազային | azatutyun.am

ԱՄՆ-ն հարվածել է Իրանին, Թեհրանը՝ Հորդանանում ամերիկյան ավիաբազային | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին՝ հայտարարելով, որ դրանք ուղղված են Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովմանը։

«Այս հարվածները շարունակելու են մեծ գին պարտադրել իրանական ուժերին և թուլացնել նրանց կարողությունը՝ հարձակվելու խաղաղ բնակիչների ու առևտրային նավերի վրա», – հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։

Իրանական պետական լրատվամիջոցները պայթյունների մասին են հայտնել երկրի հարավային ափամերձ հատվածում, այդ թվում՝ Քիշ, Քեշմ և Աբու Մուսա կղզիներում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածների նպատակը Իրանի՝ ծովային երթևեկությունը խաթարելու հնարավորությունները սահմանափակելն է։

Նոր հարվածները վկայում են, որ ընդամենը մեկ ամիս առաջ ստորագրված համաձայնությունը, որը պետք է պայմաններ ստեղծեր խաղաղության շուրջ բանակցությունների համար, փաստացի փլուզվում է։

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Դոնալդ Թրամփը հանգստյան օրերին Կոնգրեսին տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները կրկին պատերազմի մեջ է Իրանի հետ։ Դրանով սկսվել է 60-օրյա ժամկետ, որի ընթացքում նախագահը կարող է ռազմական հարվածներ իրականացնել՝ առանց օրենսդիրների պաշտոնական համաձայնությունը ստանալու։

«Կարծում եմ՝ համաձայնությունը դեռ հնարավոր է», – ասել է Թրամփը՝ չնայած Իրանի դեմ արդեն երեք գիշեր շարունակվող հարվածներին։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտարարել է, որ նեղուցում բնականոն նավարկությունը կարող է վերականգնվել միայն ԱՄՆ ռազմական միջամտության դադարեցումից հետո։

Իրանը հայտնել է նաև Հորդանանում գտնվող ամերիկյան ավիաբազայի վրա հարձակման մասին և կոչ է արել պահանջել երկրում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների փակումը։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն