Յոհանեսբուրգ, «Սոքեր Սիթի» մարզադաշտ, 2010 թվական․ Աշխարհի առաջնության եզրափակիչ՝ Իսպանիա–Նիդերլանդներ։ 116-րդ րոպեին «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան խփում է իսպանական ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք գոլերից մեկը՝ թիմին փրկելով 11-մետրանոց հարվածաշարից, որտեղ սովորաբար մեծ դեր է խաղում սպորտային բախտը։ Այս գոլն էր, որ Իսպանիային առաջին անգամ պարգևեց աշխարհի չեմպիոնություն։
Այդ հաղթանակին հաջորդեցին խոր վայրէջքի տարիներ․ անփառունակ ձախողումներ՝ իրար հաջորդած աշխարհի երեք առաջնություններում։ Սակայն 16 տարի անց՝ երեկ, պատմությունը որոշ նմանություններով կրկնվեց․ դարձյալ լրացուցիչ ժամանակ, դարձյալ գոլազուրկ ոչ ոքի, ու դարձյալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։ Այս անգամ վճռորոշ հարվածի հեղինակը Ֆերան Տորեսն էր՝ անհաջող իրականացված հարվածների մասին ինստագրամյան ռիլերի հերոսը, որը, սակայն, իր կյանքի ամենակարևոր խաղում չվրիպեց։
Այս աշխարհի առաջնությունը ռեկորդային էր իր անցկացման ժամանակահատվածով, մասնակից հավաքականների թվով, խաղերի ու գոլերի քանակով՝ 39 օր, 48 թիմ, 104 խաղում գրանցված 308 գոլ։
Ի դեպ, եթե երազում եք տանը պահել այն խոտածածկը, որի վրայով քայել են Լիոնել Մեսսին և Լամին Յամալը, ապա ՖԻՖԱ-ն վաճառքի է հանելու եզրափակչի խաղադաշտի խոտածածկի հատվածներ՝ յուրաքանչյուր կտորի մեկնարկային գինը 450 դոլար։
Ով ինչ ռեկորդ սահմանեց
- Իսպանիայի հավաքականը դարձավ Եվրոպայի գործող չեմպիոն հանդիսացող երրորդ հավաքականը, որը նվաճեց Աշխարհի առաջնության տիտղոսը:
- Իսպանիայի հավաքականի 65-ամյա մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն դարձավ աշխարհի առաջնությունների պատմության մեջ չեմպիոն դարձած ամենատարեց մարզիչը։ Այս ռեկորդով նա գերազանցեց հենց իր հայրենակցին՝ Վիսենտե դել Բոսկեին, որը 2010 թվականին՝ Իսպանիայի հավաքականի չեմպիոնության ժամանակ, 59 տարեկան էր։
- Ֆերան Տորեսը դարձավ մրցաշարի եզրափակիչների պատմության երկրորդ ֆուտբոլիստը, որը, փոխարինման մտնելով, կարողացել է հաղթանակ բերել իր թիմին։ Առաջինը դա արել է գերմանացի Մարիո Գյոտցեն՝ կրկին Արգենտինայի դեմ խաղում՝ 2014 թվականին։
- Ընդամենը կես մլն բնակչություն ունեցող Կաբո Վերդեն դարձավ ամենափոքր բնակչություն ունեցող երկիրը, որը երբևէ հասել է մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ։ Միաժամանակ սա միակ թիմն է, որն աշխարհի նորընծա չեմպիոնի հետ ոչ ոքի է խաղացել։
- Արգենտինան սահմանեց բացարձակ հակառեկորդ՝ դառնալով առաջին հավաքականը, որը եզրափակիչ խաղի հիմնական ժամանակում ոչ մի հարված չկատարեց մրցակցի դարպասին։
- Միաժամանակ, Արգենտինայի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը 11 սեյվ է կատարել եզրափակիչ խաղում՝ ռեկորդ վերջին 60 տարում։
- Լիոնել Մեսսին դարձավ աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում ամենից շատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստը։ Նա նաև հեթ-տրիկ գրանցած ամենատարեց ֆուտբոլիստն է՝ այդ պահին 38 տարեկան։ Մեսսին նաև երկրորդ ֆուտբոլիստն է, որը մասնակցել է աշխարհի առաջնության 3 եզրափակչի՝ 2014, 2022 և 2026 թվականներին։
- Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն։ Նա նաև դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը երկու առաջնություն անընդմեջ նվաճում է «Ոսկե խաղակոշիկը»՝ մրցանակ, որը տրվում է տվյալ առաջնությունում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստին։
- Քրիստիանո Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել 7 առաջնությունում։
- 19-ամյա Լամին Յամալը Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է։
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ խաղում իրար դեմ էին խաղում 20 տարուց ավելի տարիքային տարբերություն ունեցող ֆուտբոլիստներ՝ Լիոնել Մեսսին և Լամին Յամալը: Սիմվոլիզմի սիրահար ֆուտբոլասերներն ասում են՝ լեգենդար դարձած լուսանկարում, Լիոնել Մեսսին լողացնելով մի քանի ամսական Լամինին, օծել էր նրան՝ որպես իր ֆուտբոլային բարձունքների հնարավոր ժառանգ։
Նրանց գուցե այլևս չտեսնենք հավաքականի մարզաշապիկով
Չորս տարին մեկ կրկնվող այս ֆուտբոլային տոնը մի շատ ծանր հատված ունի․ ամեն առաջնություն մի խումբ լեգենդար ֆուտբոլիստների համար դառնում է վերջինը։ Ֆուտբոլի 2026 թվականի առաջնությունն իր հետ տարավ 2000-ականներին ծնվածների ֆուտբոլային հերոսների վերջին սերնդին։ Մեսսի, Ռոնալդու, Նոյեր, Նեյմար, Դե Բրյունե, Սալահ, Մոդրիչ․ թեպետ նրանցից որոշները դեռ չեն հայտարարել միջազգային կարիերայի ավարտի մասին, բայց, ամենայն հավանականությամբ, նրանց ֆուտբոլային մեծ մրցապայքարն ավարտվեց։ Այս աննկարագրելի սերնդից միայն երկուսին հաջողվեց մարզակոշիկը կախելուց առաջ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը՝ Մանուել Նոյերին և Լիոնել Մեսսիին։
Եվ մենք այդպես էլ չենք իմանա, թե այս առաջնությունն ինչ կտար Նեյմարին, եթե նա ավելի հաջող ակումբային կարիերա ընտրեր, մինչև որտեղ կհասներ Եգիպտոսը, եթե Պարադեսը չկանգնեցներ Սալահի վտանգավոր հակագրոհը ու նրա հավաքականը կարողանար հաղթել Արգենտինային ⅛ եզրափակչի վերջին րոպեներին, չենք իմանա, թե ինչ ընթացք կունենար, եթե Պորտուգալիայի հետ խաղում Մոդրիչի խորվաթների խփած երեք գոլերից թեկուզ մեկը չլիներ խաղից դուրս վիճակում, չենք իմանա, թե ինչպես կավարտվեր Ռոնալդուի պատմությունը, եթե ֆուտբոլային ճակատագիրը նրան մեկ անգամ հասցներ եզրափակիչ։ Բայց, փոխարենը, վստահաբար գիտենք՝ մենք հաջողակ էինք, որ տեսանք ֆուտբոլի պատմության ամենալուսավոր սերունդներից մեկին, սերունդ, որը մեր արյան մեջ ներարկեց ֆուտբոլն իր բոլոր էմոցիոնալ գույներով։
Հ․գ․ Ես գիտեմ, որ «Բարսելոնայի» երկրպագուների համար այս առաջնության եզրափակչում միախառնվեցին ցավն ու ուրախությունը։ Մի կողմում՝ Իսպանիայի հավաքականում, «Բարսելոնայի» երիտասարդ կորիզն էր, մյուս կողմում՝ Արգենտինայի հավաքականում, «Բարսելոնայի» մի ամբողջ քսան տարվա պատմությունը՝ Մեսսին։ Բայց Մեսսիի կարիերան մոտեցավ ավարտին՝ հնարավոր բոլոր տիտղոսները սահմանած, նրան փառաբանող երկրպագուների գրկում։ Ֆուտբոլային մի հետաքրքիր սիրո պատմություն, որի ավարտի սկիզբը տրվեց 2026 թվականի ամառային մի օր։
Գլխավոր լուսանկարում՝ ձախից՝ Քրիստիանո Ռոնալդու, Նեյմար, Լիոնել Մեսսի, Կիլիան Մբապպե, Պաու Կուբարսի, Լամին Յամալ, կենտրոնում՝ Ֆերան Տորես