Հայաստանի մի շարք շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ | armenpress.am

Հայաստանի մի շարք շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում հուլիսի 21-26-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ նշելով, որ հանրապետության տարածքում հուլիսի 21-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հուլիսի 22-23-ին և 25-ին՝ առավելապես կեսօրից հետո, 24-ին՝ գիշերը և կեսօրից հետո՝ առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Երևանում հուլիսի 21-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Հուլիսի 21-26-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

Հուլիսի 21-26-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, 24-26-ին նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն