arm.sputniknews.ru ՌԴ ԱԳՆ-ն արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոյի զրույցը որակել է որպես հանգամանալից. նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի լայն շրջանակի շուրջ։
Նշվում է, որ ուկրաինական հարցի քննարկման ժամանակ Լավրովն ամերիկացի գործընկերոջը ներկայացրել է շփման գծում տիրող իրական իրավիճակը, ընդգծել Կիևի ռեժիմի հետագա զինման անթույլատրելիությունը և ընդհանուր առմամբ եվրոպական երկրների ապակայունացնող քաղաքականությունը։
«Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման հարցում և իր հանձնառությունը Անքորիջում նախագահներ Պուտինի և Թրամփի հանդիպման ժամանակ ամերիկյան կողմի ներկայացրած առաջարկներին, որոնց հետ Ռուսաստանի առաջնորդը համաձայնել է»,– ասվում է ՌԴ ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել շփումները իրենց արտաքին գործերի նախարարությունների գծով, անդրադարձել միջազգային հարցերին, այդ թվում՝ Պարսից ծոցի իրավիճակին։
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ողջունել են «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի և ՆԱՍԱ-ի միջև լիարժեք շփումների վերականգնումը, ինչպես նաև հանդես եկել հօգուտ միջխորհրդարանական փոխանակումների և մշակութային կապերի զարգացման։