ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո | armenpress.am

ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո | armenpress.am

armenpress.am ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հուլիսի 23-ին Մանիլայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի ուսումնասիրել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ճանապարհ գտնելու հնարավորությունները։ Ռուբիոն այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից և ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո։

The Guardian-ի փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղարը «շատ արյունալի պատերազմ» է անվանել ռուս-ուկրաինական պատերազմը՝ նկատելով, որ ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական կողմերը շատ ծանր գին են վճարում դրա դիմաց։

«Կարծում եմ՝ երկու կողմերն էլ պետք է շահագրգռված լինեն այն ավարտելու հարցում»,- նշել է Ռուբիոն։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն փորձել է և շարունակելու է փորձել հասկանալ՝ արդյոք կարող է գտնել այնպիսի ճանապարհ, որը կհանգեցնի պատերազմի ավարտին։

«Մենք պատրաստ ենք ստանձնել այդ դերը, եթե նման հնարավորություն ստեղծվի։ Մենք այսօր դա արտահայտեցինք և նախկինում ևս հայտնել ենք այդ մասին»,- ասել է նա։

Ռուբիոն նշել է, որ Ուկրաինայում պատերազմը ավարտելու շուրջ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ կլինեն «նոր գաղափարներ», քանի որ մինչ այժմ ներկայացված առաջարկները «այն ժամանակ ընդունելի չէին Ուկրաինայի համար, և կարծում եմ՝ այժմ ևս ընդունելի չէին լինի, գուցե նույնիսկ ավելի քիչ ընդունելի»։

«Եթե խաղաղություն հաստատվի, ապա դա տեղի կունենա ինչ-որ նոր գաղափարի և նոր մոտեցումների շնորհիվ։ Մենք պատրաստ ենք նման գաղափարներ առաջարկել համապատասխան պայմաններում և ձևաչափով, եթե նման հնարավորություն ստեղծվի և պայմանները ճիշտ լինեն։ Մենք պատրաստ ենք դրական դեր խաղալ», – ասել է նա։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն