Որդիները գրտնակի հարվածով սպանել են մորը․ Ոստիկանությունը բացահայտել է ամիսներ առաջ կատարված սպանությունը | armenpress.am

Որդիները գրտնակի հարվածով սպանել են մորը․ Ոստիկանությունը բացահայտել է ամիսներ առաջ կատարված սպանությունը

Քրեական ոստիկանները բացահայտել են ամիսներ առաջ տեղի ունեցած սպանությունը։ Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սպանությունը կատարածները ձերբակալվել են։

«Հուլիսի 22-ին Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում է ստացվել 1970 թվականին ծնված Ռ․ Մ․-ի անհետ կորելու մասին։

Արագածոտնի քրեական ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ այս տարվա մարտ ամսին Մելիքգյուղ գյուղի իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը՝ Ռ․ Մ․-ին։

Հանցագործությունը քողարկելու և հետքերը վերացնելու նպատակով՝ նրանք դիակը տեղափոխել են նշված հասցեի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն և թաքցրել հողաշերտի տակ»,– նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Հուլիսի 22-ին եղբայրները հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, որտեղ նրանցից մեկը խոստովանել է կատարվածը։ Երիտասարդները և կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մատնանշած վայրում՝ հողաշերտի տակ, հայտնաբերվել է 56-ամյա կնոջ դին։

Նախաքննությունը շարունակվում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն