azatutyun.am Հայաստանը կողմ է Իրանից գազի արտահանման ծավալները ավելացնելու Թեհրանի առաջարկին։ Իրան կատարած եռօրյա այցից հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում իրանական գազի ծավալները հնարավոր է առնվազն կրկնապատկել։ Նախարարի փոխանցմամբ՝ երկուստեք շահավետ այս գործարքն ընդլայնելու շուրջ հայկական և իրանական կողմերը բանավոր համաձայնություն են ձեռք բերել, մնացած հարցերի լուծումն արդեն առաջիկայում ստեղծվելիք աշխատանքային խմբերի տիրույթում է։
«Երկուստեք արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը փաստացի ունի ավելի մեծ ծավալով գազ ստանալու անհրաժեշտություն, Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա ստանալու անհրաժեշտություն, մեր խողովակաշարի առկա թողունակությունն ավելի մեծ է, քան դրանով հոսող այս պահին գազն է»,- «Ազատությանն» ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Անցած շաբաթվա վերջին Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպումից հետո Իրանի նավթի նախարարը տեղեկացրեց, որ Թեհրանը Երևանին առաջարկել է նոր առևտրային շրջանակ, որը նպատակ ունի ընդլայնել բնական գազի արտահանումը։ Դավիթ Խուդաթյանը, մինչդեռ, այսօր չցանկացավ նշել՝ Թեհրանը, թե՞ Երևանն է առաջարկել մեծացնել իրանական գազի արտահանման ծավալները, միայն ընդգծեց, թե հետաքրքրությունը երկուստեք է.
«Ե՛վ մեր առկա խողովակաշարի հնարավորությունը, և՛ նաև 400 կիլովատ հզորությամբ գծի կառուցման հնարավորությունը մեզ թույլ է տալիս առնվազն գործարքի ծավալները կրկնապատկել դեռևս ավելի մեծ ծավալով, քան կրկնապատկումն է, բայց մինիմում կրկնապատկել հնարավոր է։ Այսինքն՝ կարող ենք Իրանի Իսլամական Հանրապետություն երկու անգամ առնվազն ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, փոխարենը երկու անգամ ավելի շատ գազ ստանալ, չնայած գազատարի թողունակությունն այս պահին ավելի շատ է, քան կրկնակին է»,- շեշտում է նախարարը։
«Նոր՝ 400 կիլովատ հզորությամբ գծի կառուցման արդյունքում, որը մենք պլանավորում ենք արդեն այս տարվա վերջին ավարտել, առնվազն այդպիսի հավաստիացումներ ունենք և՛ կապալառու ընկերության կողմից, և՛ Իրանի մեր պաշտոնյա գործընկերների կողմից, որ իրենք հետևողականորեն կլինեն այս գիծը ժամանակին, այսինքն՝ տարեվերջին ավարտելու ուղղությամբ, որովհետև ժամանակային գրաֆիկից նախորդ տարիներին բավական շեղումներ արդեն ունեցել ենք։ Ինչի արդյունքում, այո, քննարկել ենք այն հնարավորությունը, որ Հայաստանը ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա արտահանի Իրանի Իսլամական Հանրապետություն, փոխարենը ավելի մեծ ծավալով գազ ստանա նաև Հայաստանի Հանրապետությունը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում