Ճարպակալման կանխարգելում․ առողջ ապրելակերպի պարզ քայլեր | 1lurer.am

Ճարպակալման կանխարգելում․ առողջ ապրելակերպի պարզ քայլեր

Ճարպակալումը մեծացնում է բազմաթիվ ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման վտանգը և կարող է ազդել կյանքի տևողության ու որակի վրա։ Ճարպակալումը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության, հենաշարժական համակարգի հիվանդությունների, որոշ տեսակի քաղցկեղների, քնի խանգարումների և այլ առողջական խնդիրների զարգացման հավանականությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ինչպե՞ս կանխարգելել ճարպակալումը

Նույնիսկ մարմնի քաշի 5-10%-ով նվազեցումը կարող է զգալիորեն բարելավել առողջական վիճակը և կանխել բազմաթիվ հիվանդությունների զարգացման վտանգը։

Ավելի շատ շարժվեք

Եղեք ֆիզիկապես ակտիվ ամեն օր։

Շաբաթվա ընթացքում առնվազն 150 րոպե պահպանեք չափավոր ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն (օրինակ՝ արագ քայլք, հեծանիվ վարել, լող)։

Եթե երկար ժամանակ նստած եք, յուրաքանչյուր 30–60 րոպեն մեկ կանգնեք և մի քանի րոպե շարժվեք։

Հնարավորության դեպքում աշխատանքի կամ դպրոց գնացեք ոտքով կամ հեծանվով։

Վերելակի փոխարեն օգտվեք աստիճաններից։

Ավելի հաճախ զբոսնեք և զբաղվեք ակտիվ խաղերով ընտանիքի կամ ընկերների հետ։

Ընտրեք այնպիսի ֆիզիկական ակտիվություն, որը ձեզ հաճույք է պատճառում և համապատասխանում է ձեր առողջական վիճակին։

Սնվեք առողջ

Ամեն օր օգտագործեք բավարար քանակությամբ բանջարեղեն և մրգեր։

Նախընտրեք ամբողջահատիկ սննդամթերք, լոբազգիներ, ընկույզներ, սերմեր և ձուկ։

Սահմանափակեք քաղցրավենիքի, հրուշակեղենի, արագ սննդի, վերամշակված մսամթերքի, ճարպոտ և տապակած սննդի օգտագործումը։

Նվազեցրեք աղի, ավելացված շաքարի, հագեցած և տրանսճարպերի օգտագործումը։

Շաքար պարունակող ըմպելիքների փոխարեն նախընտրեք սովորական ջուր։

Ընտրեք առողջ կենսակերպ

Մի ծխեք և խուսափեք պասիվ ծխելուց։

Խուսափեք ալկոհոլի օգտագործումից։

Քնեք բավարար ժամանակ և պահպանեք կանոնավոր քնի ռեժիմ։

Խորհուրդներ երեխաների և հղիների համար

Հղիության ընթացքում հետևեք բժշկի խորհուրդներին՝ առողջ սնվելու, ֆիզիկական ակտիվության և քաշը վերահսկելու վերաբերյալ։

Կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում երեխային բացառապես կրծքով կերակրեք, այն նպաստում է նրա առողջ աճին և զարգացմանը։

Երեխաների մոտ վաղ տարիքից ձևավորեք առողջ սնվելու և կանոնավոր ֆիզիկական ակտիվության սովորություններ՝ անկախ նրանց մարմնի քաշից։

Փոքր, բայց հետևողական փոփոխությունները կարող են զգալիորեն բարելավել առողջությունը և նվազեցնել բազմաթիվ հիվանդությունների զարգացման վտանգը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն