Վարչապետը հրաժեշտ տվեց Կառավարությունում իրենց աշխատանքն ավարտող պաշտոնյաներին | 1lurer.am

Վարչապետը հրաժեշտ տվեց Կառավարությունում իրենց աշխատանքն ավարտող պաշտոնյաներին | 1lurer.am

1lurer.am Այս կազմով մենք հանդիպում ենք վերջին անգամ, ուզում եմ ներկաներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Բայց մեր մի շարք գործընկերներ, որոնք այստեղ ներկա են, հաջորդիվ գործունեության այլ ոլորտում են շարունակելու իրենց աշխատանքը: Մեր գործընկերների մի մասը տեղափոխվելու է խորհրդարան՝ պատգամավորի կարգավիճակով, և ես, շնորհակալություն հայտնելով նրանց, ուզում եմ նաև լսել նրանց այս առիթով: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 30-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առաջինը խոսքը տրամադրելով վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին:

Արայիկ Հարությունյանը նախ վարչապետին շնորհակալություն հայտնեց, որ 5 տարի առաջ այդ պաշտոնը վստահեց իրեն: «Սա մեծ փորձառություն էր իրականում, և կարծում եմ՝ հետագա գործունեության ընթացքում այս փորձառությունը շատ օգտակար կլինի»,- ասաց նա:

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ևս շնորհակալություն հայտնեց մոտ 2,5 տարվա համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ բոլորի սինքրոն, արդյունավետ, հոգատար և փոխլրացնող աշխատանքի արդյունքում է, որ պետության համար առաջնահերթ համարվող մի քանի ուղղություններով հաջողվեց տեսանելի արդյունքներ ունենալ:

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ևս շնորհակալություն հայտնեց վարչապետին պաշտոնը վստահելու համար. «Վստահեցնում եմ, որ մեծ պատասխանատվությամբ ստանձնում եմ նաև ԱԺ պատգամավորի մանդատը և կշարունակեմ ծառայել ՀՀ-ին»:

Նազելի Բաղդասարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ավելի քան 3 տարվա համատեղ աշխատանքի համար. «Լիահույս եմ, որ իմ համեստ հնարավորությունները կկարողանամ ծառայեցնել ի նպաստ Հայաստանի՝ վերադառնալով Ազգային ժողով»:

Փաշինյանը եզրափակեց՝ հայտարարելով, որ բոլոր այն ձեռքբերումները, որոնք ունեցել են այս ընթացքում, բոլորն իրենց ներդրումն ունեցել են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն