azatutyun.am ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սփոքեյն քաղաքում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով շուրջ 60 հազար մարդ տարհանվել է, նախօրեին հայտնել են նահանգային իշխանությունները՝ հավելելով, որ արդեն այրվել է շուրջ 600 շինություն, այդ թվում՝ առանձնատներ և ընկերություններ։
Երեք օջախից բաղկացած հրդեհները մեկուսացնել դեռ չի հաջողվել, Reuters-ի հետ զրույցում ասել է Սփոքեյնի հրշեջ ծառայության ղեկավարը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ մոլեգնող հրդեհներից կիրակի օրվա դրությամբ 2,180 հեկտար տարածք է այրվել։
Պաշտոնյաների խոսքով՝ զոհերի և վիրավորների մասին հաղորդումներ չեն ստացվել։
Սփոքեյնի քաղաքապետ Լիզա Բրաունը կատարվողը անվանել է տարածաշրջանի «վատագույն բնական աղետը»։
Հաղորդվում է, որ էլեկտրական ցանցի շուրջ 10 հազար բաժանորդ առանց էլեկտրականության է մնացել։
Նահանգային իշխանությունների տվյալով՝ նահանգում այժմ 101,171 հեկտար տարածք է հրդեհվում։
Նահանգապետ Բոբ Ֆերգուսոնը արտակարգ դրություն է հայտարարել։ Reuters-ի հաղորդմամբ՝ նա արդեն զրուցել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ օգնություն խնդրելով Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունից։