Փաշինյանը խոստանում է աշխարհի առաջատար համալսարաններն ավարտած մի խումբ անձանց նշանակել բարձր պաշտոններում

Փաշինյանը խոստանում է աշխարհի առաջատար համալսարաններն ավարտած մի խումբ անձանց նշանակել բարձր պաշտոններում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում աշխարհի առաջատար համալսարաններն ավարտած մի խումբ դիմումատուների կնշանակի բարձր պաշտոններում։

Վարչապետն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Սիրելի ժողովուրդ,

Հունիսի 15-ին աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էի իրենց գիտելիքներն ու մասնագիտական փորձը ծառայեցնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգին։ Ուրախ եմ արձանագրել, որ նախաձեռնությունն արժանացել է մեծ հետաքրքրության։

Ստացվել է 1141 հայտ։ Դիմումների ուսումնասիրության եւ նախնական ընտրության արդյունքում 459 թեկնածու կամ դիմորդների շուրջ 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ։ Թեկնածուների միջին տարիքը 34 է։

Հարցազրույցների եւ մասնագիտական գնահատման արդյունքների հիման վրա կձեւավորվի Կառավարության կադրային բանկ, որտեղ ընդգրկված թեկնածուների կրթությունը, աշխատանքային փորձն ու մասնագիտական հմտությունները կհամադրվեն պետական կառավարման համակարգի կոնկրետ կարիքների հետ։

Ծրագրի մեկնարկին նշել էի, որ կադրային բանկում ընդգրկված թեկնածուներին առաջիկա մեկ տարվա ընթացքում կարող են առաջարկվել պետական կառավարման համակարգում աշխատանքի հնարավորություններ կամ համագործակցության այլ ձեւաչափեր։ Պիտի արձանագրեմ, որ այսօր արդեն մի շարք դիմումատուների բարձր պաշտոններում նշանակելու որոշում եմ կայացրել եւ առաջիկայում կտեսնեք այդ որոշումների դե յուրե իրագործումը։

Շնորհակալ եմ իմ հրավերին արձագանքած բոլոր թեկնածուներին եւ հանրությանը՝ այս նախաձեռնությանը ցուցաբերած մեծ աջակցության համար»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն