Ինչպե՞ս է շոգն ազդում սրտի վրա և ինչպես պաշտպանվել. ԱՆ-ի խորհուրդները | 1lurer.am

Ինչպե՞ս է շոգն ազդում սրտի վրա և ինչպես պաշտպանվել. ԱՆ-ի խորհուրդները

Բարձր ջերմաստիճանն ու օդի բարձր խոնավությունը մեծացնում են սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը։ Շոգ եղանակին սիրտն աշխատում է ավելի մեծ լարվածությամբ, իսկ բարդությունների վտանգն առավել բարձր է սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց շրջանում։

Ինչպե՞ս է շոգն ազդում սրտի վրա

Արյունատար անոթների լայնացման հետևանքով զարկերակային ճնշումը կարող է նվազել, իսկ սրտի կծկումների հաճախությունը՝ ավելանալ։

Առատ քրտնարտադրությունը կարող է հանգեցնել ջրազրկման և էլեկտրոլիտների կորստի՝ մեծացնելով սրտի ծանրաբեռնվածությունն ու ռիթմի խանգարումների վտանգը։

Օդի բարձր խոնավությունը դժվարացնում է քրտինքի գոլորշիացումը և օրգանիզմի բնական հովացումը՝ մեծացնելով գերտաքացման վտանգը։

Սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց մոտ կարող են սրվել առկա ախտանիշները և մեծանալ բարդությունների վտանգը։

Ինչպե՞ս պաշտպանվել

Խմե՛ք բավարար քանակությամբ ջուր, եթե բժիշկը հեղուկի սահմանափակում չի նշել։

Խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից։ Օրվա ամենաշոգ ժամերին՝ 11:00–17:00-ն, մնացե՛ք զով կամ լավ օդափոխվող տարածքում։

Կրե՛ք թեթև, ազատ և բաց գույնի հագուստ։

Խուսափե՛ք ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, հատկապես օրվա շոգ ժամերին։

Շարունակե՛ք ընդունել բժշկի նշանակած դեղերը։ Առանց բժշկի խորհրդի մի՛ դադարեցրեք դրանք և մի՛ փոխեք դեղաչափերը։

Պարբերաբար վերահսկե՛ք զարկերակային ճնշումը և անոթազարկի հաճախությունը։

Սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց համար շոգ օրերին հատկապես կարևոր է հետևել բժշկի ցուցումներին և կանխել ջրազրկումն ու օրգանիզմի գերտաքացումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն