Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամ Աբրահամ Համադեին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցներն ընդգծել են 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի պատմական նշանակությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանի զարգացման ներուժի իրացման գործում: Անդրադարձ է կատարվել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ջանքերին: Ընդգծվել է հումանիտար հարցերի կարգավորման կարևորությունը:
Երկուստեք գոհունակությամբ նշվել է Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկան, ինչը դրսևորվում է տարբեր ոլորտներում համագործակցության շոշափելի արդյունքներով: Այս համատեքստում, ի թիվս մի շարք փոխշահավետ այլ նախաձեռնությունների, առանձնանշվել է «Firebird AI» ընկերության տվյալային կենտրոնի («ԱԲ գործարանի») հիմնումը Հայաստանում։
Անդրադարձ է կատարվել փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին:
Արարատ Միրզոյանը և Աբրահամ Համադեն մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային իրողությունների շուրջ։