Զորահանդեսներին «հրապարակ են մտնում» տանկեր, հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, տեսանյութերով ու լուսանկարներով ցուցադրվում են խրամատներ և ամրաշինական կառույցներ, որովհետև դրանք բոլորը տեսանելի են։ Բայց բանակի իրական զենքը՝ Գլխավոր շտաբը, տեսանելի չէ, այն հնարավոր չէ ցույց տալ հրապարակներում։
Գլխավոր շտաբը բանակի ուղեղն է: Այն տեսնում է, կառավարում, որոշում ու հրամայում։ Եվ շքերթների փոխարեն, ցավոք, այն երևում է միայն պատերազմում՝ հիացական հայացքներից ու ծափերից հեռու, երբ սեղանին արդեն դրված են մարդկային կյանքեր։
Մեր բանակի այդ իրական զենքին մենք հետևել ենք ամբողջ 44 օր։ Բայց ում ուզում ես հարցրու՝ ինչո՞ւ պարտվեցինք, պատասխանը կլինի՝ «Բայրաքթար»։ Դա նույնն է, թե ֆուտբոլային ակումբի պարտության մասին ասես՝ հակառակորդի եզրային հարձակվողն արագ էր վազում։ Հանդիսատեսը միշտ տեսնում է գոլը, ոչ թե այն երեսուն վայրկյանը, երբ ամբողջ թիմը միասին տեղաշարժվում, փակում է տարածքը և ստիպում սխալվել։ Խաղը հաղթում են հենց այդ 30 վայրկյանի պլանավորմամբ ու իրագործմամբ։ Նույնը անում կամ չի անում Գլխավոր շտաբը պատերազմում։
44-օրյա պատերազմի ժամանակ Գլխավոր շտաբի հրամանները հասնում էին դիրքեր, որոնք այլևս իր վերահսկողության տակ չէին։ Զինվորը նահանջի անհրաժեշտության մասին իմանում էր ոչ թե հրամանատարից, այլ ծնողների հետ հեռախոսով խոսելիս։ Ստորաբաժանումը չգիտեր, թե որտեղ է իր հարևան ստորաբաժանումը։ Չգիտեր՝ որտեղ է Հայաստանը, իսկ որտեղ՝ ոչ: Եվ այս ամենը սպառազինության պակասի մասին չէ։ Սա որոշումների հոսքագծի ամբողջական փլուզման վկայությունն է։ 44-օրյա պատերազմի ելքը որոշվել է Գլխավոր շտաբում։ Հաջորդի ելքը նույնպես որոշվելու է այնտեղ։
Շտաբը որոշումների ցիկլ է՝ հոսքագիծ․ այն ստանում է տվյալները, վերլուծում, կայացնում որոշումներ, տալիս հրամաններ ու նորից՝ ստանում, վերլուծում, որոշում, հրամայում…։
Երբ ցիկլը դանդաղ է, որոշումը ծնվում է արդեն «մեռած» մարտադաշտի համար։ Հրամանը տեղ է հասնում, բայց իրականությունն արդեն այլ է․ գրավված դիրքից էլ չեն նահանջում։ Ոչնչացված տանկը չի կրակում։ Ցաքուցրիվ անձնակազմը չի կարող ապահովել կառավարվող նահանջ։ Ամեն ուշացած որոշում քաոս է ծնում, ամեն հաջորդը՝ ավելի մեծ։ Այդպես բանակը փլուզվում է ոչ թե զենքի պակասից, այլ վերլուծելու, որոշելու ու տեղեկություն մշակելու դանդաղությունից ու անկարողությունից։
Եվ հակառակը, որքան արագ է այս ցիկլը, այնքան անսպասելի է բանակը, դու միշտ հայտնվում ես այնտեղ, որտեղ հակառակորդը դեռ չի հաշվարկել, և այն ժամանակ, երբ քեզ ոչ մեկը չէր սպասում։ Արդյունքում, քո որոշումների արագությունից հակառակորդն է ընկնում ուշացած որոշումների ցիկլի մեջ, ու նրա մոտ է սկսվում քաոս։
Վերլուծելը, որոշելը, տեղեկություն մշակելը այսօր այլևս միայն մարդկային բանականության մենաշնորհը չեն։ Արհեստական բանականությունը դարձել է մարդկային մտքի կատալիզատորը։ Մարդը ԱԲ-ի միջոցով մտածում է 10 անգամ ավելի խոր, 10 անգամ ավելի արագ ու արդյունավետ։ 10 անգամը չափազանցություն չէ․ ծրագրավորողը, ում աշխատանքի բուն էությունը տվյալներ մշակելն ու վերլուծելն է, այսօր ԱԲ-ի շնորհիվ մեկ օրում անում է այն, ինչ առաջ անում էր մի քանի շաբաթում։
Google-ը, օրինակ, «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի հետ միասին ստեղծել է TacticAI կոչվող արհեստական բանականությունը։ Դրան տվել են «Պրեմիեր լիգայի» 7176 անկյունային հարվածների բոլոր տվյալները։ Հետո ակումբի մասնագետներին ցույց են տվել 50 անկյունային իրավիճակ։ Ամեն իրավիճակի համար՝ լուծման երկու տարբերակ, մեկը՝ հենց նույն մասնագետների մշակած և մարզադաշտում կիրառված դասավորությունը, մյուսը՝ արհեստական բանականության առաջարկածը։ Մասնակիցներին նախապես չեն ասել, թե որ տարբերակն ումն է։ 50 դեպքից 45-ում մասնագետներն ընտրել են արհեստական բանականության առաջարկած տարբերակը։ Փաստացի՝ մասնագետներն 90% դեպքերում ընտրել են արհեստական բանականությանը՝ անուղղակիորեն դեմ լինելով իրենց իսկ որոշումներին։
Դեռևս 10 տարի առաջ՝ 2016-ին, AlphaGo-ն Go-ի կորեացի չեմպիոն Լի Սեդոլի դեմ խաղում արել էր 37-րդ քայլը, որը սկզբում բոլորի համար սխալ էր թվացել։ Մեկնաբանները կարծում էին, որ ոչ մի մարդ այդպես չէր խաղա, որ դա հակասում է հազարամյա տեսությանը։ Սակայն հետագայում պարզվեց, որ քայլը ոչ միայն սխալ չէր, այլև շատ արդյունավետ էր, ու այդ քայլն արդեն ներառված է նույն հազարամյա տեսության մեջ։ Համակարգիչը ոչ միայն ավելի արագ էր հաշվել, այն գտել էր լուծում, որը մարդկային մտածողության դաշտից դուրս էր, և ոչ թե որովհետև մարդիկ հիմար էին, այլ որովհետև ունեին «այդպես չի կարելի»-ների անհիմն, բայց կոնսենսուսային ընկալում։
Միանշանակ եզրակացությունն անխուսափելի է․ ապագայի շտաբը գեներալների ու ԱԲ-ի սիմբիոզն է։ Սա տեսություն չէ․ Ուկրաինան մարտադաշտում արդեն կիրառում է նմանատիպ համակարգեր (օրինակ՝ Delta-ն կամ GIS Arta-ն)․ Delta-ն աչքն է․ ԱԹՍ, ռադար, արբանյակ, դիտորդի հեռախոս՝ ամեն ինչ հոսում է մեկ ԱԲ համակարգի մեջ։ GIS Arta-ն ձեռքն է․ ստանում է թիրախը և ԱԲ-ի միջոցով հաշվում՝ որ զենքն է այդտեղ հասնում, որն է ազատ, ինչ եղանակ ու ինչ ռելիեֆ է, ինչքան զինամթերք կա։ Հետո առաջադրանքն ուղարկում է հենց այն ստորաբաժանմանը, որն ամենահարմարն է այդ պահին թիրախը վերացնելու համար։
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարի խոսքով՝ նախքան Delta-ն՝ թիրախ հայտնաբերելուց մինչև տվյալը հարվածող ստորաբաժանմանը հասցնելը կարող էր տևել ընդհուպ 72 ժամ։ Այդ ընթացքում թիրախն արդեն տեղափոխվում էր, և տվյալն անօգուտ էր դառնում։ Delta-ից հետո այդ ժամանակը կրճատվել է՝ դառնալով մոտ երկու րոպե։ 72 ժամից երկու րոպե։ Նույն զենքերն են, նույն զինվորները․ փոխվել է միայն որոշման արագությունը։
Այս ամենն իրականություն դարձնելու հիմնական խնդիրը սեփական վերահսկողության տակ գտնվող արհեստական բանականություն ունենալն է։ Ժամանակակից հզոր մոդելները (օրինակ՝ ChatGPT-ն կամ Claude-ը) արդեն ծառայում են այն բանակներին, ում վերահսկողության տակ են։ Մենք չենք կարող ու մեզ թույլ չեն տա դրանք օգտագործել որպես ռազմավարական զենք մեր բանակի համար։ Եվ նույնիսկ եթե կարողանայինք ու մեզ թույլ տային, արդյոք մենք ուզո՞ւմ ենք, որ մեր բանակի ողնաշարը լրիվ թափանցիկ հասանելի դառնա ուրիշ երկրի ինչ-որ ընկերության, որտեղ տվյալները կարդում են, պահում, իսկ վճռորոշ պահին այն ուղղակի կարող են անջատել։ Բայց անջատումը վատագույնը չէ, անջատվածը գոնե երևում է։ Շատ ավելի վտանգավոր է, եթե վարձակալած ԱԲ-ն դառնա ընդամենը մի փոքր ավելի վատը՝ առաջարկի ոչ թե լավագույն լուծումը, այլ հնարավոր երկրորդ կամ երրորդ լուծումները։ Իսկ դա մենք երբենք չենք իմանա, կիմանանք միայն, որ պարտվեցինք անհասկանալի պատճառով։
Սեփական ԱԲ ունենալը կենսական անհրաժեշտություն է։ Այն պետությունները, որոնք կունենան սեփական ենթակայության տակ գտնվող ԱԲ, կունենան ավելի շատ հնարավորություններ, կլինեն ավելի խելացի ու արդյունավետ կազմակերպված և վերջապես կունենան ավելի ազատ ու անկախ քաղաքականություն վարելու հնարավորություն․․․ինչպես, ասենք, միջուկային տերությունները։
Սեփական ԱԲ ունենալն ամենևին չի նշանակում ԱԲ-ն այստեղ զրոյից ստեղծել, դա նշանակում է սեփական վերասկողության տակ ունենալ ԱԲ, որի թե կոդը, թե աշխատելու միջավայրը գտնվում են մեր տոտալ վերահսկողության տակ։ Մենք պետք է որոշենք մոդելի փոփոխությունները, սահմանափակումները, պարամետրերը. մենք պետք է որոշենք՝ երբ է այն աշխատում, և երբ՝ ոչ։
Իսկ սեփական ԱԲ ունենալու համար անհրաժեշտ է սեփական վերահսկողության տակ գտնվող ԱԲ-ի կոդ՝ մոդել, և սեփական վերահսկողության տակ գտնվող հաշվողական հզորություն՝ այդ մոդելը աշխատեցնելու համար։ Ավելի կոնկրետ, անհրաժեշտ են.
- մասնագետներ, որոնք կարող են վերցնել բաց կոդով մոդելները, փոփոխել, հարմարեցնել, զարգացնել, հանել դրանց սահմանափակումները։
- Տեղական տվյալների կենտրոն («ԱԲ գործարան»), որի հաշվողական հզորությունների վրա կաշխատեն այդ մոդելները։
Այժմ հասանք այս հոդվածի բուն նպատակին․ Հայաստանն արդեն ունի երկուսն էլ։
2026 թվականի ապրիլին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ստորագրեց 5 տարվա, 25 միլիոն դոլարի պայմանագիր Firebird AI ընկերության հետ։ Սա նշանակում է, որ ՍԱԲ (սեփական ԱԲ) ունենալու երկրորդ նախապայմանն արդեն լուծված է, իսկ առաջին նախապայմանն ի սկզբանե բավարված էր տեղական տեխնոլոգիական ոլորտում մասնագետների առկայությամբ։
Հարցն այն է, թե ինչպես է օգտագործվելու այդ 25 միլիոն դոլարի հաշվողական հզորությունը։ Եթե այդ հզորությունը ցրվի անհասցե ու վերացական գիտություն ու ստարտափներ զարգացնելու վրա, մենք ուղղակի կմսխենք այդ ռեսուրսը։ Այն մեկտեղված ձևով պետք է ուղղվի մեկ հստակ ռազմավարական նպատակի՝ ՍԱԲ-ի՝ սեփական արհեստական բանականության գործարկմանը։
Այդ ռազմավարական նպատակին հասնելու հստակ, կոնկրետ ճանապարհային քարտեզը հետևյալն է․
- «Սեփական ԱԲ» պետական հիմնադրամի ստեղծում
ՍԱԲ-ը նոր, հսկա գերատեսչություն չէ, այլ համակարգող մարմին, որը ոչ թե ստեղծում է նոր մոդելներ, կառուցում տվյալների կենտրոններ կամ պատրաստում վերջնական ծրագրեր, այլ արդեն գոյություն ունեցող տարրերը վերածում է համապարփակ աշխատող մարմնի։ Նրա միակ առաքելությունը սեփական ԱԲ մտքի (տոկենների) արտադրությունն է։
- Առկա ռեսուրսների համախմբում
Համակարգը միավորում է 2 հիմնական ռեսուրս՝
- հաշվողական հզորություն՝ Firebird, Eleveight, YSU (ԵՊՀ),
- մասնագետներ՝ տեղական ՏՏ ընկերություններ և գիտական խմբեր։
ՍԱԲ-ը դրանք միացնում է պայմանագրերով, առաջադրանքներով ու ֆինանսավորմամբ։ Տեղական ՏՏ ընկերությունները սպասարկում են մոդելները, գիտական խմբերը բարելավում են դրանք, իսկ Firebird-ն ապահովում է դրանց աշխատանքը։
- Սեփական հաշվողական մտքի (տոկենների) արտադրություն
ՍԱԲ-ի արտադրանքը թվային է՝ մտածելու հզորություն, որը չափվում է տոկեններով (ինչպես էլեկտրաէներգիան՝ կիլովատտ-ժամով)։
Տրամաբանությունը նույնն է, ինչ էներգահամակարգում․ պետությունը յուրաքանչյուր անհատի, կազմակերպության կամ գերատեսչության համար առանձին էլեկտրակայան չի կառուցում, այլ ստեղծում է մեկ ցանց, որին միանում են բոլորը։ ՍԱԲ-ը հենց այդ ցանցն է՝ մեկ միասնական մտքի արտադրման աղբյուր։
- Երկմակարդակ հասանելիություն
- Քաղաքացիական մակարդակ (սահմանափակումներով մոդել)՝ Ազգային ժողովի, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր ընկերությունների և անհատների համար։
- Ռազմական մակարդակ (առանց գործարանային սահմանափակումների)՝ ռազմարդյունաբերության, ուժային կառույցների և բանակի համար։
Վերջնական լուծումները պատրաստում են արդեն մասնագիտացված կազմակերպությունները։ Բանակի համար, օրինակ, դրանք ռազմարդյունաբերողներն են, որոնք արդեն տրամադրում են կառավարման համակարգեր ու ծրագրային ապահովում իրականացնում։ ՏԻՄ-երի, ԱԺ-ի ու կառավարության համար դրանք կարող են լինել, օրինակ, այն ՏՏ կազմակերպությունները, որոնք արդեն ինչ-որ ծրագրային լուծումներ տրամադրում են այդ մարմիններին։
ՍԱԲ-ը ինքնահոսի՝ ազատ շուկայում չի կառուցվելու, որովհետև մասնավոր շուկայի համար սա անելն ուղղակի ձեռնտու չէ։ «Սեփական ԱԲ»-ն բիզնես չէ․ ծախսը մեծ է, տեղական շուկան՝ փոքր, շահույթը՝ զրոյին մոտ։ Բայց նույն տրամաբանության մեջ ճանապարհներն էլ շահույթ չեն բերում, ջրագիծն էլ, հակաօդային պաշտպանությունն էլ։ Դրանք կառուցվում են ոչ թե որովհետև ձեռնտու են, այլ որովհետև առանց դրանց պետություն չկա։
Հայաստանը ամեն ինչ ունի մի քանի տարի հետո 6-րդ սերնդի բանակ ունեցող եզակի պետությունների շարքին դասվելու։ Ամեն ինչ։ Պակասում է միայն քաղաքական կամքը։
Այն քաղաքական կամքը, որը չի հերիքել 30 տարվա մեջ զինվորներին լարան (tourniquet) կապել սովորեցնելու։ Այն նույն քաղաքական կամքը, որի բացակայության պատճառով պետական հիմնադրամները գործել են ոչ թե նմանատիպ խնդիրներ լուծելու, այլ պետբյուջեն հարմար ու թաքուն վատնելու համար (ինչպես, օրինակ, ԱՆԻՖ-ի հայտնի պատմությունն է)։ Այն նույն քաղաքական կամքը, որը պակասել է դրա մեղավորներին պատժելու հարցում։ Բայց, վերջին հաշվով, հարցը, որ մեզ պետք է տանք, մեկն է․ արդյոք մեզ տրված դասերը բավարար չե՞ն այդ կամքը վերջապես դրսևորելու։
Հեղինակ՝ Արամ Քոչարյան, նախկին ծրագրավորող
Գլխավոր լուսանկարը՝ Ինֆոքոմի, գեներացված է արհեստական բանականության միջոցով