Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը | factor.am

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը

 

Արարատի մարզի դատախազության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Արարատ գյուղի զբոսայգու տարածքում գտնվող 14 քմ հողամասը 2007 թվականին ֆիզիկական անձի էր տրամադրվել կառուցապատման իրավունքով՝ 99 տարի ժամկետով, սակայն հողամասը նպատակային նշանակությամբ չէր օգտագործվել։ Դատախազության միջնորդությունից հետո իրավունքը դադարեցվել է։

«Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Արարատ գյուղի զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում, ի թիվս այլնի, պարզվել է, որ Արարատ գյուղական համայնքի նախկին ղեկավարի կողմից Արարատ գյուղի Հաղթանակի 44/2 հասցեում գտնվող զբոսայգուց 14 քմ մակերեսով հողամասը 2007 թվականի օգոստոսի 10-ին կառուցապատման իրավունքով՝ 99 տարի ժամկետով, հատկացվել է ֆիզիկական անձի: Իրականացված ուսումնասիրության շրջանակներում պարզվել է, որ հողամասը կառուցապատողի կողմից նպատակային նշանակությամբ չի օգտագործվել:

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Արարատ համայնքի ղեկավարին՝ Արարատ գյուղի և կառուցապատողի միջև 2007 թվականի օգոստոսի 10-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա, Արարատի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի օգոստոսի 24-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Արարատ գյուղի Հաղթանակի 44/2 հասցեում գտնվող՝ 14 քմ մակերեսով, 262 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը:

Մյուս պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն