«Աջափնյակ» գեղագիտական կենտրոնի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ | 1lurer.am

«Աջափնյակ» գեղագիտական կենտրոնի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է «Աջափնյակ» գեղագիտական կենտրոն ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն.Ա.-ն 2001 թվականի մարտի 27-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 6-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Աջափնյակ» գեղագիտական կենտրոն ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, իր կողմից կազմված հրամաններով, ինչպես իր, այնպես էլ ՀՈԱԿ-ի մի շարք աշխատակիցների համար սահմանել է դրույքաչափերը գերազանցող աշխատավարձեր։

Ն.Ա.-ի ապօրինի գործողություններով համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս, մասնավորապես՝ խաթարվել է համայնքի բնականոն գործունեությունը՝ զրկելով նշված դրամական միջոցներն ըստ նպատակային նշանակության օգտագործելու հնարավորությունից, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 9 մլն 784 հզր 341 ՀՀ դրամի գույքային վնաս։

Նախաքննության փուլում Ն.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն