armenpress.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բիշքեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ նշելով, որ այն անցել է դրական աշխատանքային մթնոլորտում, որի ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել է ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Հանդիպումը դրական էր՝ աշխատանքային մթնոլորտում։ Մենք պայմանավորվել ենք, որ առաջիկայում ես այց կունենամ Մոսկվա, և կքննարկենք տարբեր հարցեր։
Նաև աշխատանքային որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք։ Մասնավորապես, գաղափար առաջացավ, որ մենք պետք է գույքագրման ենթարկենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ հասկացությունը՝ պատկերացնելու համար, թե դա գործնականում ինչ է նշանակում։ Այսինքն՝ ի՞նչ տողեր կան այդ ենթավերնագրի ներքո, և ո՞ր տողերն են, որոնց հետ կապված մենք երկուստեք ունենք նույն դիրքորոշումը, ո՞ր տողերն են, որոնց հետ կապված ունենք այլ դիրքորոշումներ, որտե՞ղ է, որ մենք ունենք միանշաակ դրական կարծիք, և որտե՞ղ է, որ մեր կարծիքները միանշանակ չեն»,- մանրամասնել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ քննարկել են ամենատարբեր ոլորտների հարցեր, անդրադարձ է եղել նաև Հայաստանի երկաթուղային ցանցի՝ ռուսական կոնցեսիոն կառավարմանը։
«Երկաթուղու հարցում ըմբռնում է ձևավորվել, որ այդ հարցը որևէ ձևով պետք է լուծենք։ Ինձ համար ակնհայտ է, որ ընթացիկ վիճակը չի կարող երկար շարունակվել, և պետք է լուծումների գնանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։