azatutyun.am Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Ռուսաստանի Սարատովի մարզի Սարատով և Էնգելս քաղաքների վրա։
Սարատովի մարզպետ Ռոման Բուսարգինի փոխանցմամբ՝ հարվածների հետևանքով Սարատովում մի քանի բնակելի տուն է վնասվել, տուժել է 10 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Վեց մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ուկրաինական Supernova+ մոնիթորինգային տելեգրամյան ալիքն ու Astra-ն գրում են, որ հարձակման թիրախը «Ռոսնեֆտ»-ին պատկանող Սարատովի նավթավերամշակման գործարանն է եղել։ Էնգելսում ևս պայթյուններ են գրանցվել․ այնտեղ է գտնվում ռուսական ռազմական օդանավակայանը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ գիշերվա ընթացքում երկրի տարբեր շրջաններում, բռնակցված Ղրիմում և Սև ծովի վրա ընդհանուր առմամբ 384 ուկրաինական անօդաչու է խոցվել։