Հայաստանի դպրոցների ուժեղ և թույլ կողմերը՝ ըստ PISA-ի հետազոտության արդյունքների | shantnews.am

Հայաստանի դպրոցների ուժեղ և թույլ կողմերը՝ ըստ PISA-ի հետազոտության արդյունքների

Ըստ PISA միջազգային գնահատման արդյունքների՝ Հայաստանի սովորողների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումն ու դպրոցին կապված լինելու զգացումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Գնահատման արդյունքները փաստում են մեր սովորողների դրական վերաբերմունքը դպրոցին, ուսուցիչներին և կրթությանը։

Հայաստանի սովորողների առավել ընդգծված ուժեղ կողմերն են՝

հարմարվողականությունը՝ 9 միավոր,
նպատակների սահմանման կարողությունը՝ 9 միավոր,
դպրոցին կապված լինելու զգացումը՝ 8 միավոր,
դպրոցի արժեքի գիտակցումը՝ 7 միավոր,
զարգացմանը միտված լինելը՝ 6 միավոր,
ուսուցչի աջակցությունը ստանալու զգացումը բարձր է՝ 84%,
դպրոցական միջավայրը անվտանգ է՝ 94 %:

Այս արդյունքները ցույց են տալիս, որ սովորողները կարողանում են հարմարվել փոփոխվող պայմաններին, նպատակներ սահմանել և իրենց դպրոցական համայնքի մաս զգալ։

Նրանք նաև կարևորում են դպրոցը և հիմնականում ունեն սեփական կարողությունները զարգացնելու ներքին պատրաստակամություն. այս հատկանիշները կրթական առաջընթացի համար կարևոր ներուժ են և ազդեցություն ունեն սովորողների կրթական արդյունքների վրա։

Թույլ կողմերից են ստացած գիտելիքները գործնական իրավիճակներում կիրառելու հմտությունների ցածր մակարդակը, որն էլ հիմնական մարտահրավերն է։ Մյուս մարտահրավերը սովորողների մոտիվացիայի բարձրացումն է, որին պետք է մեծ ուշադրություն դարձնել՝ փոխելով կիրառվող մոտեցումները, վերանայելով սովորողների հետ առավել արդյունավետ երկխոսությունը․ պետք է անել ամեն ինչ, որ սովորելը դառնա հետաքրքիր։

PISA-ի արդյունքները կարևոր ելակետ են չափորոշչի բովանդակային ազդեցությունը գնահատելու համար

Կարևոր է նկատի ունենալ, որ գնահատմանը մասնակցած սովորողները հիմնականում կրթություն են ստացել հանրակրթության նախորդ չափորոշչով։ Այս իմաստով, ստացված արդյունքները կարող են դիտարկվել ելակետային տվյալներ, որոնք հետագայում հնարավոր կլինեն համադրել նոր չափորոշչի ներդրումից և ընթացող մյուս բարեփոխումներից հետո արձանագրվող արդյունքների հետ՝ դիտարկելով կրթության որակի դինամիկան։

PISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ

Հետազոտության արդյունքները մի կողմից բացահայտում են Հայաստանի կրթական համակարգում առկա խնդիրները, մյուս կողմից՝ փաստում, որ ոլորտում մեկնարկած բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ։

Ի՞նչ է արվել այսպիսի պնդման համար.

Անցում՝ գիտելիքի վրա հիմնված չափորոշչից դեպի կարողունակությունների վրա հիմնված չափորոշչի,
Համաշխարհային բանկի գնահատմամբ Տավուշում, որտեղ փորձարկվել է նոր չափորոշիչը, մաթեմատիկայի և բնագիտության արդյունքներում դրական միտում է գրանցվել,
Նոր չափորոշչով սովորած առաջին շրջանավարտների ավարտական քննության արդյունքներն ավելի բարձր են,
Հանրակրթության նոր պետական չափորոշիչն այս ուսումնական տարվանից ամբողջությամբ ներդրված է 1-12-րդ դասարաններում,
ԲՏՃՄ ուսուցիչների հավելավճարի տրամադրում՝ 25 տոկոս,
Ընթերցանության խթանումը Կառավարության 2026-2031թթ․ ծրագրի նպատակներից է,
Յուրաքանչյուր երրորդ ուսուցիչն անցել է կամավոր ատեստավորում (200 հազար դրամ դրույքաչափ, որին գումարվում է 30-50 տոկոս հավելավճար),
Գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների հավելավճար․ անկախ դասավանդած դասաժամերից՝ մինչև 1 դրույք աշխատավարձ,
Տարակարգի համակարգի բարելավում (մինչև 50 տոկոս հավելավճար),
Կրթության ոլորտի պետական ֆինանսավորումը տարեցտարի աճել է՝ 2018 թվականի համեմատ 2026 թվականին կազմելով մոտ 180 տոկոս՝ շուրջ 354 մլրդ դրամ, որի հիմնական մասը՝ մոտ 301 մլրդ դրամը, կազմում է հանրակրթության ֆինանսավորումը,
Դպրոցաշինության ծրագիր․ մինչև 2026 թվականը կառուցվող և հիմնանորոգվող նոր դպրոցներից 226-ն արդեն պատրաստ են, մնացածը պատրաստ կլինեն մինչև տարեվերջ։ Զուգահեռաբար՝ հաստատվել է հաջորդ 300 դպրոցի ծրագիրը. հաստատությունների ցանկն այժմ քննարկվում է,
Դպրոցների 86 տոկոսն ունի ԲՏՃՄ լաբորատորիաներ,
Նվազել են ուսուցիչների թափուր տեղերը. 2023թ. շուրջ 1400 թափուր տեղի փոխարեն 2025թ. առկա է շուրջ 700 թափուր տեղ,
Վերջին 2 տարում շուրջ 4000 նոր ուսուցիչ է մուտք գործել դպրոց, որոնց 80 տոկոսը՝ մինչև 45 տարեկան։

Հետևություն և արձանագրում

Հետազոտությամբ արձանագրված գրեթե բոլոր խնդիրներն արդեն իսկ ամրագրված են կրթության ոլորտի պետական քաղաքականությամբ և համապատասխան քայլեր են արվում բարելավման ուղղությամբ։

Արդյունքներն, անշուշտ, գոհացուցիչ չեն. դրանք փաստում են խնդիրների մասին, իսկ չդադարող բարեփոխումներն ավելի որակյալ կրթության համակարգ ունենալու մասին են։

PISA 2025-ի տվյալները վկայում են նաև համաշխարհային մակարդակով կրթական արդյունքների անկման մասին, որը հատկապես նկատելի է ընթերցանության և մաթեմատիկայի ոլորտներում։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) երկրներում վերջին տասնամյակում միջին ցուցանիշները նվազել են ավելի քան 20 միավորով, ինչը գնահատվում է որպես մեկ ուսումնական տարվա ուսումնառության կորստին համարժեք տարբերություն։

Հետազոտության արդյունքներում առանձնացվում են սովորողների առաջադիմության վրա ազդող մի շարք գործոններ՝ ուսուցչի և ծնողների աջակցությունից մինչև թվային տեխնոլոգիաների ու արհեստական բանականության օգտագործում։

Հետազոտության արդյունքները պետք է մանրամասն վերլուծվեն և դառնան մասնագիտական քննարկման առարկա՝ ուսուցիչների, տնօրենների, փորձագետների և որոշում կայացնողների կողմից՝ հետագա քաղաքականությունների և գործողությունների լավարկման նպատակով։ Մասնագիտական կարծիքն ու քննադատությունը համակարգի առողջացման ուղիղ ճանապարհն են, բայց առավել կարևոր է, որ քննարկումը մասնագիտական խոսակցությունից չվերածվի շահարկման։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն