azatutyun.am Հայաստանի իշխանությունները ցանկանում են արժեզրկել ռուսաստանյան ակտիվները՝ ստիպելու համար սեփականատերերին ազատվել դրանցից, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը:
«Ֆիքսում ենք նախանշաններ, որ հաջորդ թիրախները կարող են դառնալ Հայաստանում ռուսաստանյան արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները», – ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Շևցովը:
Նրա խոսքով՝ «շրջանառվում են թեզեր դրանց անբավարար ֆինանսավորման, ներդրումային մթնոլորտի վրա բացասական ազդեցության, դրանց գործունեության բնապահպանական վնասի, աշխատակիցների ցածր աշխատավարձի մասին»:
«Դա արվում է արժեզրկելու համար ռուսաստանյան ակտիվները և սեփականատերերին ստիպելու ազատվել դրանցից», – պնդել է ռուս պաշտոնյան:
Նման մարտավարությունը, Շևցովի համոզմամբ, «կդառնա ևս մեկ «կրակոց ոտքին» հայաստանյան տնտեսության համար»:
Նախօրեին էլ ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն էր հայտարարություններ արել Հայաստանի վերաբերյալ՝ պնդելով, մասնավորապես, թե երկրի իշխանությունները ձգտում են խզել կապերը Ռուսաստանի հետ:
Անվտանգության խորհրդում Շոյգուի տեղակալն ակներևաբար նկատի ունի առաջին հերթին հայկական երկաթուղու շուրջ վերջին զարգացումները:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում