shantnews.am Ֆրանսիայի ամբողջ տարածքում սեպտեմբերի 29-ին պետական հատվածի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած ցույցերին ավելի քան 300 հազար մարդ է մասնակցել։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ֆրանսիական արհմիությունների առաջատար կենտրոններից մեկը՝ «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան» (CGT)։
CGT-ի տվյալներով՝ Փարիզում ցույցին մասնակցել է 70 հազար մարդ։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի մայրաքաղաքի ոստիկանության պրեֆեկտուրան Փարիզի ցույցի մասնակիցների թիվը գնահատել է 30 հազար, որոնց թվում եղել է շուրջ 8 հազար հրշեջ։
CGT-ն հայտնել է նաև, որ Մարսելում ցույցին մասնակցել է շուրջ 30 հազար, Թուլուզում՝ 11 հազար, Լիլում և Բորդոյում՝ 10-ական հազար, իսկ Լիոնում և Օռլեանում՝ 8-ական հազար մարդ։
Ցույցերն անցկացվել են Ֆրանսիայի պետական հատվածի ութ խոշոր արհմիությունների կոչով։ Մասնակիցները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը, ինչպես նաև ավելացնել պետական ծառայությունների աշխատակիցների թիվն ու ֆինանսավորումը։
Արհմիությունները, մասնավորապես, դեմ են ինդեքսավորման նոր սառեցմանը, որը իշխանությունները քննարկում են 2027 թվականի բյուջեի նախագծի շրջանակում։