«Ադեկվատ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը կալանավորվել է 2 ամսով։ Այդ մասին հայտնել է Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ «Ադեկվատ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը ձերբակալվել է։
Քննչական կոմիտեից հաղորդել են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում է ձերբակալվել Դանիելյանը։ Վարույթը վերաբերում է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու համար։ Աթանեսյանը օրվա ընթացքում հայտնել էր նաև, որ Դանիելյանի մեղադրանքը լրացվել է։ Նրա խոսքով՝ խուլիգանության հոդվածին ավելացվել է մի քանի դրվագ, որոնք բոլորը վերաբերում են ֆեյսբուքյան գրառումներին։ Բացի այդ, փաստաբանի հաղորդմամբ՝ ավելացվել է նաև 490-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ՖԲ գրառմամբ ԱԱԾ-ին արատավորելու համար։
Ձերբակալությունից առաջ Արթուր Դանիելյանը «Ֆեյսբուք»-ում «վիժվածք» էր անվանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեջբերելով Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողի և հայ գերիների հնարավոր փոխանակման վերաբերյալ նրա մեկնաբանությունը։