Ընտանեկան բիզնես և համայնքային գնումներ. «Գավառտրանսի» նոր պայմանագրերը
2025թ. մարտից մինչև օրս Գավառի համայնքապետարանը 4՝ ընդհանուր ավելի քան 15 մլն դրամի պայմանագիր է կնքել «Գավառտրանս» ՍՊԸ-ի հետ։ Ընկերությունում բաժնեմասեր ունեն համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հարազատները։
Ընկերությունը 2003 թ․-ին համահիմնադրել է Գուրգեն Մարտիրոսյանը։ 2008 թ․-ին՝ Գավառի քաղաքապետ դառնալուց երեք տարի անց, դուրս է եկել ընկերությունից՝ իր 50% բաժնեմասը փոխանցելով հորը՝ Երվանդ Մարտիրոսյանին։
Այժմ ընկերության բաժնեմասերի կեսը պատկանում է Մարտիրոսյանի ընտանիքին ու հարազատներին․հայրը՝ Երվանդ Մարտիրոսյանը (10%), անչափահաս որդին՝ Նարեկ Մարտիրոսյանը (10 %), որդին՝ Յուրի Մարտիրոսյանը (10 %), քույրը՝ Նարինե Մարտիրոսյանը (10%) և վերջինիս որդին՝ Գևորգ Հասասյանը (10%) հավասարապես կիսում են ընկերության բաժնեմասի 50%-ը։ Ընկերության բաժնեմասում ամենամեծ՝ 31% մասնակցություն ունի «Գուրգեն Մարտիրոսյան դաշինք» խմբակցության ավագանու անդամ Հրայր Գուլաբյանը, որը նաև ընկերության տնօրենն է։ Եվս 19% բաժնեմաս ունի ընկերության համահիմնադիր Արա Զոլյանը։
Նախորդ տարի «Ինֆոքոմը» գրել էր, որ համայնքապետարանը և համայնքապետարանի ենթակայությամբ աշխատող «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը 2020-2024 թվականներին շուրջ 135 մլն դրամի գնում են կատարել «Գավառտրանսից»։
«Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է, որ շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա: Մասնավոր շահը ենթադրում է որևէ արտոնություն պաշտոնատար անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց, կազմակերպություններին, որոնց հետ կան գործնական, անձնական, քաղաքական հարաբերություններ։ Այս պարագայում Մարտիրոսյանը պետք շահերի բախման իրավիճակի մասին հայտարարություն ներկայացներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ինչը չէր արել։
Մեր հարցման ի պատասխան՝ Գուրգեն Մարտիրոսյանը նշել էր, որ կնքված պայմանագրերում շահերի բախման իրավիճակ չկա, քանի որ, ըստ նրա, պայմանագրերը կնքվել են գնահատող հանձնաժողովի որոշումների հիման վրա, իսկ պայմանագրի արդյունքն ընդունել է պատասխանատու ստորաբաժանումը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, սակայն, արձանագրել էր, որ Մարտիրոսյանը չի ներկայացրել շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին օրենքով պահանջվող գրավոր հայտարարությունը և Մարտիրոսյանին տուգանել էր 300 հազար դրամով։
Դրանից մեկ ամիս անց համայնքապետարանը շարունակել է «Գավառտրանսի» հետ պայմանագրերի կնքումը, սակայն այս անգամ արդեն համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանն այդ մասին տեղեկացրել է Հանձնաժողովին։
2025թ․ մարտից մինչ օրս համայնքապետարանի և ընկերության միջև կնքվել է 4 պայմանագիր։ Երկու պայմանագրի արդյունքում համայնքապետարանը գնել է սեղմված բնական գազ՝ վճարելով 3 մլն 100 հազար դրամ։ Մյուս երկու պայմանագրով ընկերությունը համայնքապետարանին մատուցել է ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալության ծառայություններ՝ վարորդի հետ միասին՝ ստանալով ավելի քան 12 մլն դրամ։ Այս բոլոր մրցույթների միակ մասնակիցը եղել է «Գավառտրանս» ընկերությունը։
Ավելի վաղ «Ինֆոքոմն» անդրադարձել էր «Գնումների մասին» օրենքում 2027թ․ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններին, համաձայն որոնց, մի շարք պաշտոնյաներին փոխկապակցված անձանց ընկերությունների համար սահմանվել են պետական գնումներին մասնակցության արգելքներ։ Սահմանվել է պաշտոնյաների ազդեցության երեք մակարդակ, և կախված այդ մակարդակից՝ ընկերության համար նախատեսված արգելքի խստությունը տարբեր է լինելու։ Ըստ այդ արգելքներից մեկի՝ համայնքի ղեկավարին փոխկապակցված անձանց ընկերությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի և վերջինիս կառավարմանը հանձնված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին: Ընկերությունը պաշտոնատար անձի հետ փոխկապակցված համարելու չափանիշներից մեկը պաշտոնյայի կամ օրենքով սահմանված՝ նրա հետ փոխկապակցված անձանց կողմից ընկերության կապիտալի կեսից ավելին տնօրինելու հնարավորությունն է։ Սակայն օրենքը նախատեսում է նաև վերահսկողության այլ հիմքեր՝ ընկերության որոշումները կանխորոշելու կամ դրա հիմնական գործունեության վերաբերյալ պարտադիր հանձնարարականներ տալու հնարավորություն։
Մարտիրոսյանի հարազատներին պատկանում է «Գավառտրանսի» բաժնեմասերի ուղիղ 50 տոկոսը։ Միայն այս տվյալով հնարավոր չէ եզրակացնել՝ ընկերության նկատմամբ կիրառվելո՞ւ է մասնակցության արգելքը, թե՞ ոչ․ անհրաժեշտ է գնահատել նաև օրենքով սահմանված անձանց շրջանակն ու վերահսկողության մյուս չափանիշները։