ՔԿ նախագահը հայտնել է իրեղեն ապացույցների հափշտակության դեպքերով կալանավորված անձանց մասին | armenpress.am

ՔԿ նախագահը հայտնել է իրեղեն ապացույցների հափշտակության դեպքերով կալանավորված անձանց մասին | armenpress.am

armenpress.am Իրեղեն ապացույցների հափշտակության դեպքերով հաղորդումներ են ներկայացվել, կան նաև կալանավորված անձինք։ Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում հանձնման-ընդունման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են նաև իրեղեն ապացույցների բացակայության բազմաթիվ դեպքեր։

Այս մասին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ընթացքում պատասխանելով պատգամավոր Լիաննա Գասպարյանի հարցին։

Պատգամավորն անդրադարձել է Արտաշատի քննչական ստորաբաժանումում իրեղեն ապացույցի հափշտակության դեպքին։ Գասպարյանի գնահատմամբ՝ խնդիրն առնչվել է ապացույցների պահպանման համար համապատասխան տարածքի բացակայությանը։ Նա հետաքրքրվել է, թե ի՞նչ գործողություններ են նախատեսվում դրանց պատշաճ պահպանությունն ապահովելու համար։

Պողոսյանը նշել է, որ իրեղեն ապացույցների պահպանության խնդրին առնչվել է պաշտոնը ստանձնելուց հետո՝ տարբեր ստորաբաժանումներում հանձնման-ընդունման աշխատանքների ընթացքում։

«Բազմաթիվ դեպքեր ենք հայտնաբերել, երբ իրեղեն ապացույցները չկային։ Պարզապես իրեղեն ապացույցը կորել էր»,- ասել է ՔԿ նախագահը՝ հավելելով, որ նման խնդիրներ արձանագրվել են նաև տարբեր մարմիններից քրեական վարույթները փոխանցելու ընթացքում։

Անդրադառնալով պատգամավորի մատնանշած հափշտակությանը՝ Պողոսյանը պարզաբանել է, որ դեպքը տեսախցիկների միջոցով արձանագրել է կոմիտեի ներքին անվտանգության վարչությունը, իսկ հափշտակությունը կատարել է պահպանություն իրականացնող անձը։

«Բայց դա քննիչ չի, պահպանություն իրականացնող անձն էր կոնկրետ հափշտակել այդ իրեղեն ապացույցները։ Բայց քննիչներ էլ ունենք, երբ հափշտակել են իրեղեն ապացույցները, և դրանց վերաբերյալ մենք հաղորդումներ ենք ուղարկել, և հիմա կալանավորված անձինք էլ կան»,- հայտնել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն