ԲԴԽ-ն քննել է դատավոր Արշակ Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը | iravaban.net

ԲԴԽ-ն քննել է դատավոր Արշակ Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը

2026 թվականի նոյեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, քննել է Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության նախարարի միջնորդությունը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական իշխանությունից։

Նիստը նախագահել է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը։ Նիստին ներկա են եղել արդարադատության նախարարի տեղակալ Օքսանա Աբրահամյանը, նախարարի ներկայացուցիչ Ներսես Զեյնալյանը և դատավոր Արշակ Պետրոսյանը։

Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության համաձայն՝ դատավոր Արշակ Պետրոսյանի վարույթում քննված քաղաքացիական գործով վճռի հրապարակումը նշանակված է եղել 2025 թվականի դեկտեմբերի 4-ին, սակայն դատական ակտը «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տեղադրվել է միայն 2026 թվականի մարտի 23-ին՝ սահմանված ժամկետից 3 ամիս 19 օր ուշ։ Բացի այդ, վճռի օրինակը գործի մասնակցին հասանելի է դարձել 2026 թվականի ապրիլի 4-ին՝ նախատեսված ժամկետից 4 ամիս 2 օր ուշ։

Նախարարության ներկայացուցիչը նշել է, որ կարգապահական վարույթի ընթացքում հիմնավորվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածով սահմանված դատավարական իրավունքի նորմերի խախտումները, որոնք հանգեցրել են նաև ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտմանը։

Լիազոր մարմինը գտնում է, որ դատավորը չի ապահովել դատական ակտի հրապարակումն ու գործի մասնակցին դրա հասանելի դարձնելը սահմանված ժամկետներում, ուստի միջնորդել է բավարարել կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջը։

Իր հերթին դատավոր Արշակ Պետրոսյանը նիստում չի հերքել խախտման փաստը, սակայն ներկայացրել է դրա առաջացման հանգամանքները։

Նրա խոսքով՝ խնդրո առարկա գործով վճիռը ժամանակին կազմվել և ստորագրվել է, սակայն աշխատակազմի աշխատակցի անփութության կամ անփորձության հետևանքով այն սխալմամբ թողնվել է մեկ այլ թղթապանակում։ Արդյունքում դատական ակտը սահմանված ժամկետում չի տեղադրվել տեղեկատվական համակարգում։ Պետրոսյանը նշել է, որ տվյալ ժամանակահատվածում իր գործավարը դեռևս ուսանող էր և ուներ աշխատանքի ընդամենը մի քանի ամսվա փորձ։

Դատավորը նաև ընդգծել է իր աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ նշելով, որ 2025 թվականի և 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով Երևանի քաղաքացիական դատարանի երկրորդ ամենածանրաբեռնված դատավորն է եղել։ Նրա խոսքով՝ այդ հանգամանքները ևս պետք է հաշվի առնվեն խախտման պատճառներն ու դրա համար պատասխանատվության հարցը գնահատելիս։

Միևնույն ժամանակ Պետրոսյանն ընդունել է, որ ինքն էլ պարտավոր էր պատշաճ վերահսկողություն իրականացնել աշխատակազմի աշխատանքի նկատմամբ, սակայն ծանրաբեռնվածության պայմաններում չի հասցրել հետևողական լինել յուրաքանչյուր դատավարական գործողության կատարմանը։

Նիստի ընթացքում առանձին քննարկման առարկա է դարձել այն հանգամանքը, որ վճիռը «Դատալեքս» համակարգում տեղադրվելու հաջորդ օրը՝ մարտի 24-ին, ուղարկվել է գործի մասնակիցներին, այդ թվում՝ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում ներկայացրած փաստաբանին։ Դատավոր Պետրոսյանը հարց է բարձրացրել՝ արդյոք այս հանգամանքը հաշվի է առնվել նախարարության միջնորդությունը ներկայացնելիս։ Նախարարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ տարբերակվում են դատական ակտը համակարգում տեղադրելու և այն գործի մասնակցին փաստացի հասանելի դարձնելու ամսաթվերը։

Պետրոսյանն իր դիրքորոշման մեջ անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ նույն փաստաբանի հաղորդման հիման վրա իր նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել նաև Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում։ Դատավորի ներկայացմամբ՝ հանձնաժողովը 2026 թվականի օգոստոսի 3-ին որոշել է կարճել իր նկատմամբ հարուցված վարույթը։

Նույն օրը նմանատիպ հիմքով կարգապահական վարույթ է հարուցել նաև արդարադատության նախարարությունը, որը, սակայն, չի կարճվել, և հոկտեմբերի 14-ին միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար։ Պետրոսյանը նշել է, որ երկու վարույթներում էլ ներկայացրել է նույնաբովանդակ բացատրություններ և փաստաթղթեր՝ պնդելով, որ իր նկատմամբ քննարկվող հանգամանքները պետք է գնահատվեն դրանց ամբողջության մեջ։

Ներսես Զեյնալյանը հակադարձել է, որ տարբեր իրավասու մարմիններ կարող են նույն փաստական հանգամանքների վերաբերյալ տարբեր իրավական դիրքորոշումներ ունենալ, իսկ վերջնական գնահատականը տվյալ դեպքում պետք է տա ԲԴԽ-ն։

Եզրափակիչ ելույթում Արշակ Պետրոսյանը հայտարարել է, որ ընդունում է արձանագրված խախտման փաստը, սակայն գտնում է, որ դրա բնույթը, առաջացման պատճառները, աշխատակազմի կազմակերպական բացթողումը, իր ծանրաբեռնվածությունը և խախտման փաստացի հետևանքները պետք է գնահատվեն համակցված։ Նա ընդգծել է, որ դատավարության մասնակիցը չի զրկվել դատական ակտը վերադաս դատական ատյանում բողոքարկելու հնարավորությունից, և իր կարծիքով՝ տվյալ արարքը չի կարող կասկածի տակ դնել իր համապատասխանությունը դատավորի կարգավիճակին կամ հեղինակազրկել դատական իշխանությունը։

Դատավորը, հղում անելով ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասին, խնդրել է մերժել արդարադատության նախարարության միջնորդությունը՝ գտնելով, որ առկա հանգամանքների պայմաններում արարքը չպետք է որակվի որպես կարգապահական խախտում։

Լսելով կողմերի դիրքորոշումները, ուսումնասիրելով ներկայացված ապացույցները և ավարտելով գործի քննությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարել է դատական քննության ավարտի մասին։

ԲԴԽ-ն որոշման հրապարակման օր է նշանակել 2026 թվականի դեկտեմբերի 7-ը՝ ժամը 11։05-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն