armenpress.am Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի շուրջ ծավալվող գործընթացին՝ ներկայացնելով դրա վերաբերյալ իրենց դիրքորոշումը։
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց հիմնական մտահոգությունը վերաբերում է Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղման պահպանմանը։
Կարապետյանը շեշտել է, որ դա իրենց համար քաղաքական բովանդակության առանցքային հարց է։
«Բովանդակության գլխավոր հարցը հենց հղումն է Անկախության հռչակագրին։ Այնտեղ գրված է մեր երկրի անունը, գրված է՝ մեր երկրի տերն ով է՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, գրված է՝ հողի տերն ով է, պաշարների տերն ով է։ Գրված է՝ ինչ ծրագրեր ունենք մենք ապագայի մասին, գրված են մեր անցյալի մասին կարևոր բաներ․ ամբողջ հիմքն Անկախության հռչակագրում կա»,- ասել է Կարապետյանը։
Նա նշել է, որ Անկախության հռչակագրի նշանակության վերաբերյալ իրենց դիրքորոշումն էլ հենց բովանդակային քննարկման մաս է։
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն աջակցելու առաջարկին՝ Կարապետյանն ընդգծել է, որ խորհրդարանը պետք է գնահատի նաև հանրաքվեի անցկացման նպատակահարմարությունը։
«Ինչո՞ւ է այդ հարցը գալիս Ազգային ժողով․ գալիս է Ազգային ժողով, որպեսզի ընդդիմությունը և իշխանությունը քննարկեն դրա նպատակահարմարությունը՝ գնա՞ այդ հարցը հանրաքվեի, թե՞ ոչ։ Այդ ինստիտուտը, որ դրված է, որ Ազգային ժողովը պետք է որոշի, և նաև ընդդիմությունը, շատ կարևոր է»,- հայտարարել է նա։
Կարապետյանը պնդել է, որ ընդդիմությունն իր դիրքորոշումը ներկայացնելով՝ իրականացնում է ընտրողներից ստացած լիազորությունը։
«Քանի որ պատվիրակված ենք ժողովրդի կողմից այդ գործն ուսումնասիրելու, մենք մեր կարծիքը հայտնում ենք, ներկայացնում ենք մեր ժողովրդին։ Մեր կարծիքն ասում ենք, ինչը մեր սահմանադրական իրավունքն է, ու սա քաղաքական նորմալ գործընթաց է»,- ասել է խմբակցության ղեկավարը՝ անդրադառնալով միավորված ընդդիմադիր 13 ուժերի կողմից այս օրերին իրականացվող իրազեկման ակցիաներին, որոնց ընթացքում ընդդիմադիր գործիչները փողոցում մարդկանց ներկայացնում են իրենց դիրքորոշումը Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում