tert.am Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մահմեդական երկրներին կոչ է արել ուժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում հումանիտար աղետը դադարեցնելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Գազայում հումանիտար աղետ է ծավալվում Իսրայելի կողմից սահմանված անմարդկային սահմանափակումների պատճառով։ Մենք չենք կարող անտարբեր նայել Գազայում տիրող սիրտ կեղեքող տեսարանին, որտեղ ցրտից դողացող երեխաները մինչև ծնկները ջրի մեջ են, զրկված են վրաններից, որոնց տակ կարելի կլիներ պատսպարվել։ Մենք՝ որպես մահմեդականներ, պետք է հասնենք Իսրայելի վրա ճնշման ուժեղացմանը»,- ասել է թուրք առաջնորդը խորհրդարանում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում։
Էրդողանը նաև հայտնել է Գազա կոնտեյներային տներ ուղարկելու Թուրքիայի պատրաստակամության մասին։
«Մենք պատրաստ ենք կոնտեյներներ ուղարկել Գազա։ Նույնիսկ եթե մյուսները փակեն աչքերն ու ականջները, մենք չենք լռելու Գազայում տիրող ճնշումների մասին, շարունակելու ենք կատարել մեր հումանիտար պարտքը», – ընդգծել է նա։