armenpress.am Հայաստանի 2027 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության նախարարությանը կհատկացվի 348.1 միլիարդ դրամ, ինչը 2026 թվականի համեմատ ավելի է 136.5 միլիարդ դրամով։
Այս մասին Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ 2026 թվականին հաջողությամբ ներդրվել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որի շնորհիվ հարյուր հազարավոր քաղաքացիներ առաջին անգամ հնարավորություն են ստացել ժամանակին բուժօգնություն ստանալու, վերականգնվելու և վստահ լինելու, որ պետությունն իրենց կողքին է ու հոգում է բուժման ծախսերը։
«Հաջորդ տարի համակարգն ընդլայնվելու է, և ևս առնվազն 400 հազար քաղաքացի հնարավորություն կունենա օգտվելու ապահովագրական փաթեթից։ Հաջորդ տարի պետությունը շարունակելու է 100 տոկոսով փոխհատուցել մինչև 18 տարեկանների, 65 և բարձր տարիքի անձանց, ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերի ապահովագրավճարները և սուբսիդավորելու է մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին։ Այս նպատակի համար կհատկացվի 276 միլիարդ դրամ»,- նշել է Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն արդեն հասել է 1.8 միլիոնի։ Առողջապահական ծառայություններից օգտվել է ավելի քան 1 միլիոն քաղաքացի, գրանցվել է 16.2 միլիոն սպասարկման դեպք։ 10 ամսվա ընթացքում փոխհատուցման բյուջեն կազմել է 180 միլիարդ դրամ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում