Ադրբեջանը Արամ Նիկոլյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել |factor.am|

factor.am Ադրբեջանը հայ դիզայներ Արամ Նիկոլյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ պատճառը Ադրբեջանի դրոշի այրումն է ապրիլի 14-ին Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ։

Ադրբեջանում դրոշի այրման համար քրեական գործ են հարուցել ու հետաքննություն են իրականացնում։

Հիշեցնենք, որ ս․թ․ ապրիլի 14-ին Երևանում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դահլիճում ներկա գտնվող դիզայներ Արամ Նիկոլյանը մոտեցել էր Ադրբեջանի պետական դրոշին, վերցրել այն և այրել։ Անվտանգության աշխատակիցները նրան հեռացրել էին դահլիճից, և նոր դրոշ էր բերվել։ Այնուհետև Նիկոլյանին բերման էին ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր, որ նախնական տեղեկություններով նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով: Նիկոլյանն այնուհետև ազատ է արձակվել։

Արդեն հաջորդ օրը՝ ապրիլի 15-ին, Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը ու Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտնելով, որ ադրբեջանցի մարզիկները վերադառնում են իրենց երկիր։

ՀՀ ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ էր համարել այս հայտարարությունը՝ նշելով․ «Բացման հանդիսավոր արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որը շատ արագ հարթվել է, որևէ առնչություն չունի մարզիկների անվտանգության և նրանց բնականոն մրցելույթների ապահովման հետ։ Անհրաժեշտ բոլոր պայմանները լիարժեքորեն ապահովված են եղել»։

Ավելի ուշ՝ ապրիլի 17-ին ՀՀ ԿԳՄՍՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ ընդգծելով, որ դրոշի միջադեպը «չի արտահայտում ՀՀ  իշխանությունների դիրքորոշումը և դատապարտելի է սպորտային արժեքների և արդար խաղի (Fair Play) համընդհանուր սկզբունքների տեսանկյունից»։

Այս հայտարարությունը ողջունեց Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը՝ նաև «հաստատելով անվտանգության բարձր մակարդակը, որը միջոցառման մեկնարկից ապահովվել է սպորտային պատվիրակությունների համար»։

Նիկոլյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ մանրամասները կարդացեք factor.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն