pastinfo.am: Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղը՝ շրջանի ևս երեք գյուղերի հետ միասին, ապրիլի 23-ից կրկնակի շրջափակման մեջ է․ Հակարիի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո գյուղի կապը կտրվել է նաև Գորիսի ու ենթաշրջանի մյուս բնակավայրերի հետ։ Սնունդ գյուղ չի մտնում, իսկ եղած պաշարները հետզհետե սպառվում են։
«Էն, որ երկկողմանի շրջափակման մեջ ենք, արդեն պետք է պարզ լինի, որ վիճակը վատ է։ Ճիշտ է, էս պահին սնունդ կա, բայց անսպառ չի․ ճանապարհները փակ որ մնացին, վերջանալու է։ Ու Աստված չանի, եթե մեկը հիվանդացավ, վիճակը վատացավ․․․ Ոչ մի բան չենք կարողանալու անել, ոչ մի տեղի վրա չենք կարող հասցնել, քանի որ փակ է թե՛ դեպի Ստեփանակերտ ճանապարհը, թե՛ դեպի Գորիս։
Եթե Մարտունիում, Մարտակերտում կամ Ստեփակերտում որևէ մեկը վատանա, գոնե Ստեփանակերտի հիվանդանոց կարող են հասցնել, բուժօգնություն ցույց տալ։ Եթե ծանր հիվանդներ են լինում, էլի կարողանում են մի քանի օր ձգել, մինչև Կարմիր Խաչի օգնությամբ տեղափոխեն Հայաստան, բայց մենք ընդհանրապես որևէ հիվանդանոց հասնել չենք կարող․ երկու կողմի վրա էլ՝ դեպի Ստեփանակերտ էլ, դեպի Գորիս էլ, ադրբեջանցիները փակել են ճանապարհները»,- մտահոգություն է հայտնում Մեծ Շենի համայնքապետ Դավիթ Դավիդյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում:
Հին Շեն, Մեծ Շեն և Եղցահող համայնքները երկկողմանի մեկուսացված վիճակում են։
Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։
Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը:
Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։
Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։
Շարունակությունը՝ pastinfo.am-ում