Այն քննարկումները, որոնք ընթանում են ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայման շուրջ, որևէ ձևով չեն արտացոլում հայկական շահը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Խնդիրը շատ հստակ է՝ անցակետ չպետք է լինի ու վերջ: Այդպես է գրված նաև 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում:
Իսկ քննարկումներն այն մասին, թե անցակետում ինչպես պետք է բաշխվի ռուսական և ադրբեջանական գործառույթները, ով, որ դեպքում ինչպես պետք է գործի, առհասարակ հայկական կողմի համար չարիք են:
Այդ թեմայով բանակցելու բան չկա:
Միգուցե այլ թեմաներում փոխզիջման հնարավորություն կա, սակայն կոնկրետ անցակետի հարցում պետք է լինել անզիջում, որովհետև եթե այն սկսեց գործել, ապա ամեն ինչ արագ կավարտվի»,- գրել է Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։
Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը:
Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։
Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։
comment.count (0)