Հացադուլի պայմաններում զոհվածի մոր կյանքին վտանգ է սպառնում. փաստաբանը ձերբակալման որոշումը կբողոքարկի |news.am|

news.am: 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, պաշտոնապես հայտարարեց հացադուլի վերաբերյալ: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ՁՎՊ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Նա հայտնեց, որ զոհվածի մայրը հացադուլի մեջ, փաստացի, գտնվում է դեռեւս երեկ՝ 15:00-ից:

«Նա նշել է, որ ունի բազմաթիվ հիվանդություններ եւ իր կյանքին վտանգ սպառնալու դեպքում պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իրավասու մարմինների»,- նշեց Հովհաննիսյանը:

Փաստաբանն ասաց, որ այս պահին պատրաստվում են վիճարկել ձերբակալման իրավաչափությունը. «Քանի որ հացադուլի պայմաններում տիկին Գայանեի կյանքին վտանգ է սպառնում»:

Հովհաննիսյանի խոսքով՝ ձերբակալման որոշման հիմքերը ոչ իրավաչափ են եւ ծիծաղելի. «Ձերբակալման հիմքը՝ փախուստն է, եւ երկրորդ ծիծաղելի հիմքն այն է, որ նա ազատության մեջ գտնվելու դեպքում նա կարող է կրկին առեվանգել Աշոտ Փաշինյանին»:

Նա ասաց, որ առերեսում անցկացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվել է դեռեւս երեկ՝ 23:00-ի սահմաններում. «Աշոտ Փաշինյանը որպես տուժող իրավունք չունի հրաժարվել առերեսումից: Խնդիրը ժամն է, թե երբ կիրականացվի»:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին, armtimes.com-ը գրեց Աշոտ Փաշինյանի ենթադրյալկ առևանգման փորձի մասին։ Կարճ ժամանակ անց Հայաստանի ոստիկանությունից հաստատեցին, որ հաղորդում է ստացվել վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից առևանգելու փորձի մասին։

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը պատմել է, որ զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը, մոտեցել է Աշոտ Փաշինյանի, ասել՝ նստիր մեքենաս, գնանք «Եռաբլուր», տանենք, տես՝ ինչ են արել հերն ու մերդ․ «Ոչ մի բռնություն չի եղել, ինքը հանգիստ բացել է դուռը և նստել»։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ «Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՔԿ հաղորդագրությունում մանրամասներ կան ենթադրյալ առևանգման դեպքի վերաբերյալ, որոնք չեն համընկնում ծնողների պատմածների հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև