ԱՄՆ-ն ողջունել է Ալիևի հայտարարությունները համաներման քննարկման վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգներն արդյունավետ հանդիպում է ակնկալում Քիշնևում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Ասվում է, որ ԱՄՆ վարչակազմը գոհ է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են»։

«Ինչպես հայտարարել էր պետքարտուղար Բլինքենը, Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է։ Վերջերս մենք բարձր ենք գնահատել վարչապետ Փաշինյանի հավատարմությունը խաղաղությանը, և մենք ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները [Ղարաբաղի նկատմամբ] համաներում քննարկելու մասին»,- նշել է Միլլերը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Արցախի խորհրդարանը պետք է լուծարվի․ «Տարրը, որ իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և այլք պետք է լքեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց նկատմամբ կարող է ներողամտություն ցուցաբերվել։ Միայն այդ դեպքում կարող է խոսք լինել ինչ-որ համաներման մասին»։

Այս հայտարարությանն արձագանքել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով․ «Առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ։ Ես կարծում եմ՝ այստեղ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն, թե արդյո՞ք դա նշանակում է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից»։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի հայտարարության մեջ նշվում է նաև․ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս շաբաթավերջին Քիշնևում կհանդիպեն մեր եվրոպացի գործընկերների հետ: Եվ մենք հուսով ենք, որ դա արդյունավետ քայլ կլինի բանակցությունների սեղանի շուրջ այս խնդիրները լուծելու ուղղությամբ, այլ ոչ թե բռնության կիրառմամբ»։

Նրա խոսքով «ագրեսիվ հռետորաբանությունը կարող է հանգեցնել միայն անցյալի բռնության շարունակականության, կառուցողական երկխոսությունը ինչպես հրապարակային, այնպես էլ փակ, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ և հույս»։

«Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել երկու կողմերի ջանքերին՝ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու համար»,- հավաստիացրել է Միլլերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն