Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը Լաչինի միջանցքի բացման և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց․ Փաշինյան

Հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը Լաչինի միջանցքի բացման և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի սկզբում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 

«Քաղաքական առումով ԵՄ խորհրդի նախագահը հանդիպմանը հաջորդած իր հայտարարության մեջ ընդգծեց Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության օրակարգը Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը։

Մեր համոզմունքը եղել և շարունակում է մնալ այն, որ առանց միջազգային նեգրավվածության և մեխանիզմների այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել առնվազն այն պատճառով, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ և սպառնալից հռետորաբանությունը ԼՂ հայության նկատմամբ, որի խորքային նպատակը, մեր գնահատմամբ, ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացումն է։

Հիմա արդեն դա ոչ թե տեսական պնդում է, այլ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ իրականացվող կոնկրետ ծրագիր, որի ուղիղ դրսևորումը էլ․ էներգիայի, բնական գազի, պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների՝ դեպի ԼՂ առաքման իսպառ բացակայությունն է՝ ԼՂ-ում հայերի բնակվելը անհնարին դարձնելու նպատակով»,- ասաց Փաշինյանը։ 

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Ադրբեջանը չի կատարել Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները՝ նշելով, որ պետք է շարունակել աշխատանքները այս ուղղությամբ։

Ըստ նրա՝ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը միջազգային մամուլում լուսաբանելու ուղղությամբ ևս պետք է աշխատանքներ տանել։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Ըստ ՀՀ կառավարության՝ հանդիպմանը ի թիվս այլ հարցերի քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը առնչվող հարցեր։ 

Հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ներկայացնելով, թե ինչ է քննարկվել եռակողմ հանդիմանը։ Ըստ Շառլ Միշելի՝ հանդիպմանը քննարկվել է ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը․ «Ես արտահայտել եմ ԵՄ քաջալերանքը՝ Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսության մասով։ Այս երկխոսությունը պետք է անհրաժեշտ վստահություն ապահովի ներգրավված բոլոր կողմերի համար»։

Շառլ Միշելը խոսել էր նաև «Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղղությամբ», որի մասին առաջին հայտարարությունը եղել էր ադրբեջանական կողմից, երբ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե «Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ցուցաբերելու հնարավորությունը Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով