Արցախում հումանիտար իրավիճակից մինչև գերիների ու անհետ կորածների հարց․ Միշելը կետ առ կետ նշել է, թե ինչ են քննարկել եռակողմ հանդիպմանը
21:33 - 15 հուլիսի, 2023

Արցախում հումանիտար իրավիճակից մինչև գերիների ու անհետ կորածների հարց․ Միշելը կետ առ կետ նշել է, թե ինչ են քննարկել եռակողմ հանդիպմանը

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում այսօր՝ հուլիսի 15-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարությամբ է հանդես եկել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյուսելում ավարտվել է Նիկոլ Փաշինյան-Շառլ Միշել-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը։

Ըստ Միշելի՝ քննարկումը կրկին եղել է անկեղծ, ազնիվ և առարկայական: Սա, Եվրոպական խորհրդի նախագահի խոսքով, Բրյուսելում, Քիշնևում, Վաշինգտոնում, Մոսկվայում և Հայաստան-Ադրբեջան սահմանին երկու երկրների ղեկավարների, փոխվարչապետների և արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ բարձր մակարդակի ինտենսիվ և արդյունավետ հանդիպումների շարքում վերջինն էր․ «Մենք անցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ամենաընդգրկուն և եռանդուն փուլերից մեկը»։

Միշելը նաև շնորհակալություն է հայտնել երկու ղեկավարներին «խաղաղ գործընթացին իրենց ամուր նվիրվածության համար» և խրախուսել է նրանց ապագայում ևս խիզախ քայլեր ձեռնարկել՝ վճռական և անշրջելի առաջընթաց ապահովելու կարգավորման ճանապարհին․ «Եվ թեև մեր հանդիպումը տեղի ունեցավ «գետնի վրա» լարվածության մտահոգիչ աճի համատեքստում, ես կարևոր մղում նկատեցի քաղաքական քննարկումներում և ջանքերում»։

Շառլ Միշելը կետ առ կետ նշել է, թե ինչ օրակարգային հարցեր են քննարկվել հանդիպմանը․

1․ «Ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ անգամ լիովին վերահաստատել են, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ըստ այդմ՝ Հայաստանի տարածքը կազմում է 29 800 քառ․ կմ, իսկ Ադրբեջանինը՝ 86 600 քառ․ կմ։

2․ Սահմանների սահմանազատում

Երկու ղեկավարներն էլ վերահաստատել են իրենց հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակի:

Ես ողջունել եմ հուլիսի 12-ին սահմանային երկու հանձնաժողովների հանդիպումը։ Առաջընթաց է գրանցվել այս հանձնաժողովների կանոնադրության և սահմանազատման հիմքերի վերաբերյալ քննարկումների շուրջ: Եվ շատ կարևոր է, որ ղեկավարները պայմանավորվել են ակտիվացնել և արագացնել հանձնաժողովների աշխատանքը։

3․ Ապաշրջափակում

Կողմերը նաև հստակ առաջընթաց են գրանցել վերջին երկու ամիսների ընթացքում տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված իրենց քննարկումներում։ Մենք քննարկել ենք ապագա տրանսպորտային միջոցների ձևերը, որոնք կհարգեն ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները:

Պետք է անհապաղ նախաձեռնել երկաթուղային կապի կառուցումը։ ԵՄ-ն պատրաստ կլինի ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Որոշ մանրամասներ դեռևս հստակեցում են պահանջում, այնուամենայնիվ, այս թեմայի շուրջ դիրքորոշումներն այժմ ավելի են մոտենում, և տարբերակներն ակտիվորեն ուսումնասիրվում են:

4․ Հումանիտար մատակարարումներ

Մենք քննարկել ենք Ղարաբաղի հայ բնակչության վիճակը և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրադրությունը։ Ներկա իրավիճակն ակնհայտորեն կայուն չէ և չի բխում որևէ մեկի շահերից: Քննարկել ենք նաև հնարավոր կոնկրետ քայլերը, որոնք կօգնեն վերականգնել իրավիճակը:

Ես ընդգծել եմ Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը։ Ես նաև նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հավասարապես Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար։ Ես երկու տարբերակներն էլ կարևոր եմ համարում և խրախուսում եմ մարդասիրական առաքումները երկու կողմերից՝ ապահովելու բնակչության կարիքների բավարարումը: Ես ողջունել եմ նաև ԿԽՄԿ-ի կողմից բժշկական տարհանումների վերսկսումը:

5․ Իրավունքներ և անվտանգություն

«Գետնի վրա» բնակչությունը հավաստիացումների կարիք ունի՝ առաջին հերթին իր իրավունքների և անվտանգության հետ կապված:

Այս համատեքստում ես արտահայտել եմ ԵՄ քաջալերանքը՝ Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսության մասով։ Այս երկխոսությունը պետք է անհրաժեշտ վստահություն ապահովի ներգրավված բոլոր կողմերի համար։

6․ Գերիներ

Քննարկվել է նաև գերիների հարցը։

Ղեկավարները վերահաստատել են իրենց հավատարմությունը այն ըմբռնմանը, որ պետք է հեշտացվի այն զինվորների ազատ արձակումը, որոնք անզգուշորեն են անցել սահմանը։ Ես հայտնել եմ, որ կողմ եմ երկու կողմից գերիների ազատ արձակվելուն։ Քննարկվել է նաև անհետ կորածների ճակատագրի և ականազերծման հարցերում առավել մեծ համագործակցություն ապահովելու կարևորությունը, և ես ևս մեկ անգամ կողմերին կոչ եմ արել հնարավորինս շատ տեղեկություն փոխանակելու»։

Շառլ Միշելը հայտնել է նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կողմերը կմնան սերտ կապի մեջ՝ ապահովելու կոնկրետ հետևողականություն քննարկվածի վերաբերյալ:

«Իրական առաջընթացը կախված է հաջորդ քայլերից, որոնք պետք է ձեռնարկվեն մոտ ապագայում։ Որպես առաջնահերթություն պետք է դադարեցնել բռնությունն ու կոշտ հռետորաբանությունը՝ խաղաղության և կարգավորման բանակցությունների համար պատշաճ միջավայր ապահովելու համար»,- ասել է նա։

ԵՄ խորհրդի նախագահի խոսքով ինքը նաև վերահաստատել է իր մտադրությունը հրավիրելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ամառվանից հետո Բրյուսելում կայանալիք ևս մեկ հանդիպման, ինչպես նաև հերթական հնգակողմ հանդիպմանը Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ Գրանադայում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել