Գարեգին Խումարյան. «Ես կատարել եմ մասնագիտական պարտքս» |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանը համաձայն չէ Հանրային հեռարձակողի պնդման հետ, թե Նիկոլ Փաշինյանի արտահայտած տեսակետները վիճարկող իր հոդվածով՝ չարաշահել է լիազորությունները և պաշտոնը: Խումարյանն այդ մասին ասաց «Ազատությանը» տված հարցազրույցում՝ Խորհրդի հայտարարությունից անմիջապես հետո:

Գարեգին Խումարյանի հետ հարցազրույցի տեքստը՝ ստորև.

«Ազատություն». – Պարոն Խումարյան, ինչպե՞ս եք նախ գնահատում Հանրային հեռարձակողի խորհրդի այսօրվա հայտարարությունը, Դուք համաձա՞յն եք, որ չարաշահել եք Ձեր լիազորությունները և պաշտոնը:

Գարեգին Խումարյան. – Ներկայում ես միջանկյալ տեսակետ եմ հայտնում, զուտ ինտուիտիվ, որովհետև խորհրդի մեր հարգելի գործընկերների հրապարակած փաստաթուղթը այս պահին ուսումնասիրում են Հանրային ռադիոընկերության իրավաբանները: Զուտ ինտուիտիվ, զուտ մասնավոր՝ ես դրա հետ համաձայն չեմ, սպասում եմ՝ ինչ կասեն մեր ընկերության իրավաբանները:

Ինչ վերաբերում է Հանրային ռադիոընկերության կայքը օգտագործելուն, ապա ես մեծ լրագրողական կոլեկտիվի մաս եմ, ես էլ այստեղ աշխատող լրագրողներից մեկն եմ, պարբերաբար գրում եմ ինչ-որ թեմաներով: Ես քիչ առաջ նայեցի՝ ես մոտ 10 հրապարակում ունեմ իմ սյունակի տակ, համենայնդեպս, մինչ այս որևէ խնդիր երբեք չի եղել:

«Ազատություն». – Խորհուրդը նշում է, որ «առաջիկայում քննության կառնի Հանրային ռադիոընկերության տնօրենի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին», այսինքն՝ դա դեռ որոշված չէ: Կա՞ն որոշակի էթիկական և իրավական նորմեր, որոնք Ձեզ արգելում են Հանրային ռադիոյի կայքում արտահայտել Ձեր մտքերը:

Խումարյան. – Կրկին՝ միջանկյալ և շատ ինտուիտիվ: Ես ևս մեկ անգամ անցել եմ Հանրային ռադիոընկերության կողմից որդեգրված էթիկական կանոնագրքով և որևէ խնդիր այդտեղ չեմ տեսել: Բայց սպասենք խորհրդի եզրակացությանը, որով զբաղվելու են ընկերության իրավաբանները:

«Ազատություն». – Դուք այստեղ տեսնո՞ւմ եք ճնշում այս հայտարարությամբ Ձեր նկատմամբ՝ հաշվի առնելով, որ Դուք քննադատության էիք ենթարկել Փաշինյանի հայտարարությունները:

Խումարյան. – Ես չգիտեմ՝ քննադատության ենթարկել եմ, թե՝ ոչ, ես կատարել եմ մասնագիտական պարտքս: Մենք ակնհայտորեն թույլ պրոդուկտ ենք հեռարձակել՝ օրինակ, համեմատած ձեր հարգելի ընկերության վերջին հարցազրույցի հետ՝ վարչապետի հետ, ու ես արել եմ այն, ինչ որ պետք է անեմ՝ ես, այո, ներողություն եմ խնդրել խնդրահարույց հաղորդման համար, որը ակնհայտորեն ավելի թույլ էր, քան կարող էր լինել:

Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով