Բացահայտվել են տևական ժամանակ նախապատրաստված և մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը, խմբի անդամների ինքնությունները, նրանց դերաբաշխումները, ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնեական անփութության և առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի առթիվ (590.000 ԱՄՆ դոլար գումար)։
«ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում իրեղեն ապացույց ճանաչված առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ՆԳՆ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումների կողմից համատեղ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են տևական ժամանակ նախապատրաստված և մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը, խմբի անդամների ինքնությունները, նրանց դերաբաշխումները, ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը:
Արդյունքում` հանցանք կատարած անձինք ձերբակալվել են, իսկ կատարված խուզարկությունների և վարութային այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել է հափշտակված 590.000 ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը՝ 578․800 ԱՄՆ դոլարը։ Ձերբակալված անձինք անհերքելի փաստերի ճնշման ներքո տվել են խոստովանական ցուցմունքներ:
Առաջիկայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ՝ թույլատրելի սահմաններում ներկայացնելով ինչպես հանրային հնչեղություն ստացած այս վարույթով պարզված հանգամանքները, այնպես էլ հանցագործության ու դրա մասնակիցների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների գործադրած ջանքերը», – նշված է կոմիտեի հայտարարությունում։