ԿԿՀ-ն «Ինֆոքոմի» նյութերի հիման վրա վարչական տույժի է ենթարկել Մասիսի և Իջևանի համայնքապետներին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանին և Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին՝ հիմք ընդունելով շահերի բախման դեպքերի վերաբերյալ «Ինֆոքոմի» հրապարակումները։ Համայնքի ղեկավարները տուգանվել են 300-հազարական դրամով։ 

«Ինֆոքոմը» ուսումնասիրել էր Իջևանի համայնքապետարանի 2022-2024 թվականների գնումները և պարզել, որ այդ ժամանակահատվածում համայնքապետարանն ավելի քան 275 մլն դրամի գնում է կատարել ավագանու անդամներին փոխկապակցված ընկերություններից։ 

Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը մեր հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ այս պայմանագրերում շահերի բախում չկա, քանի որ դրանք կնքվել են այն անձանց հետ, որոնք համայնքի ղեկավարի կամ նրան փոխկապակցված անձանց հետ փոխկապակցություն չունեն։

Որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հայտնած դիրքորոշում՝ Ճաղարյանը ընդունել է, որ պարտավոր էր հետևել շահերի բախման կարգավորումների պահպանմանը և գրավոր հայտարարություն ներկայացնել հանձնաժողովին, որը չի կատարել, սակայն դրանով նպատակ չի հետապնդել դիտավորությամբ չներկայացնել կամ թաքցնել փաստերը: Ճաղարյանը Հանձնաժողովին խնդրել է վարչական վարույթով պատասխանատվության չենթարկել իրեն։

Այնուամենայնիվ, Հանձնաժողովն արձանագրել է, որ Արթուր Ճաղարյանը, որպես պատվիրատուի ղեկավար, համայնքային կարիքների համար գնման պայմանագրեր է կնքել օրենքի իմաստով իրեն փոխկապակցված անձի հետ գործնական հարաբերություններ ունեցող անձի ընկերության հետ՝ առանց այդ մասին Հանձնաժողով հայտարարություն ներկայացնելու։

Միաժամանակ, Հանձնաժողովը նշել է, որ համայնքապետն ուներ շահերի բախմանը վերաբերող հանգամանքի մասին հայտարարություն ներկայացնելու պարտավորություն, որը չկատարելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն, ինչը և կիրառվել է։

Մեկ այլ հրապարակմամբ «Ինֆոքոմը» պարզել էր, որ Մասիսի համայնքապետարանը ավելի քան 384 մլն դրամի գնում էր կատարել ավագանու անդամի հորը և որդուն պատկանող ընկերությունից։ 

Համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը նույնպես հայտնել էր, որ շահերի բախում չի տեսնում։ Համբարձումյանը, մեջբերելով «Գնումների մասին» օրենքը, նշել էր, որ հաղթողին ընտրող հանձնաժողովի անդամները և քարտուղարը ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, ինչն էլ և արել են։

Նույն հիմնավորմամբ ԿԿՀ-ն վարչական տույժի է ենթարկել նաև Դավիթ Համբարձումյանին։ Երկու դեպքում էլ Հանձնաժողովը գտել է, որ համայնքի ղեկավարներն իրենց լիազորությունների շրջանակում ավագանու անդամներին փոխկապակցված ընկերությունների հետ պայմանագրերի կնքմամբ կատարել են գործողություն, որը կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, մինչդեռ, որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով շահերի առկայության մասին գրավոր հայտարարություն չեն ներկայացրել Հանձնաժողով՝ խախտելով Օրենքի պահանջը։

«Ինֆոքոմը» համայնքային պաշտոնյաներին փոխկապակցված անձանցից գնումների մի շարք դեպքեր է հայտնաբերել նաև Ստեփանավան, Քաջարան, Գավառ, Սևան, Աշտարակ և Վանաձոր համայնքներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով