Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման վերաբերյալ նախկինում իր կայացրած որոշումներում (1,2,3) արձանագրել է, որ որևէ ձևով դրսևորված փոխկապակցվածության դեպքում տվյալ պաշտոնյան մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը պարտավոր է շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողովին գրավոր հայտարարություն ներկայացնել:
Հիշեցնենք, որ Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի առաջին համար Մամիկոն Ասլանյանի կալանավորումից հետո։
Փելեշյանը եղել է «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» նախընտրական ցուցակը գլխավորողը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրելի համայնքապետի թեկնածուն։
Հաշվի առնելով այս փաստը՝ Արկադի Փելեշյանը, որպես համայնքային գնումների պատվիրատուի ղեկավար, պարտավոր էր շահերի բախման դեպքում գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, իսկ այն, որ համայնքային գնումներին մասնակցում և հաղթում է իր հետ քաղաքական կապ ունեցող ավագանու անդամի ընկերությունը, արդեն շահերի բախման իրավիճակ է։ Նա այդ հայտարարությունը պետք է ներկայացներ նաև այն դեպքում, երբ համայնքային գնումներին մասնակցում և հաղթում էր իր հետ գործնական կապ ունեցող աշխատակցին փոխկապակցված ընկերությունը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացանք, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը 2021-2025 թվականներին շահերի բախման իրավիճակների վերաբերյալ գրավոր հայտարարություններ չի ներկայացրել Հանձնաժողով։
Համայնքները գնումների գործընթացում հաճախ առաջնորդվում են բացառապես «Գնումների մասին» օրենքով՝ հաշվի չառնելով շահերի բախման ռիսկերի վերաբերյալ այլ իրավական կարգավորումները։ Մենք առանձնացրել ենք այն կարևոր հոդվածները, որոնցում առկա են նման կարգավորումներ։