44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը մեղավոր ճանաչվեց 2020թ․ հոկտեմբերի 2-ին Ջրականի բնագծից վաշտի անձնակազմով վերադաս հրամանատարության կողմից հրամանի բացակայության պայմաններում նահանջ կատարելու գործով։

Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, վերադառնալով առանձին սենյակից, հրապարակեց Հայկազ Գրիգորյանի վերաբերյալ մեղադրական վերդիկտը (վերդիկտը մինչեւ դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի գրավոր հետեւությունն է)։

Դատավորի խոսքով՝ Գրիգորյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը կատարելու համար։

Մասնավորապես, Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության մեջ այն բանի համար, որ զբաղեցրած դիրքերի պաշտպանությունն առկա ուժերով ու միջոցներով շարունակելու, ինչպես նաեւ ենթակա անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու փոխարեն, իր եւ ենթակա ստորաբաժանման կյանքն ու առողջությունը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ու խմբային շահից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցների հարց դատարանը չքննարկեց։ Առաջիկայում կնշանակվեն լրացուցիչ դատալսումներ, մինչ այդ Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը, գրավը եւ բացակայելու արգելքը կմնան անփոփոխ։ 

Լրացուցիչ դատալսումների ժամանակ քննարկվելու է մեղադրյալի պատժի նշանակման հարցը։

Նշենք, որ այս նիստին ներկա էին միայն Գրիգորյանն ու իր հարազատները. պաշտպանը եւ հանրային մեղադրողը չէին եկել վերդիկտի հրապարակմանը։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վերդիկտի և դատավճռի հրապարակման դատական նիստին վարույթին ներգրավված անձանց ներկայությունը պարտադիր չէ, բացառությամբ անազատության մեջ պահվող մեղադրյալի:

Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի եզրափակիչ ճառն ամբողջությամբ՝ այստեղ։ 

Պաշտպան Նորիկ Նորիկյանի եզրափակիչ ճառն ամբողջությամբ՝ այստեղ։ 

Հայկազ Գրիգորյանի դատաքննական ցուցմունքն ամբողջությամբ՝ այստեղ։