Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11․05․20 (թարմացվող)

21:00- Տավուշի մարզի Բերդավան գյուղում թաղմանը մասնակցած տղամարդու կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տղամարդը եւ նրա աղջիկը թեստավորվել են, պատասխանները դեռեւս հայտնի չեն։ Հիվանդը չի մասնակցել թաղման արարողությանը, իսկ ամուսինը առողջ է, հնարավոր է՝ հետագայում հիվանդանա։ Գյուղում ինքնամեկուսացվածներ չկան, սակայն հավաքագրվել է այն մարդկանց ցանկը, որոնք սերտ շփում են ունեցել թաղման մասնակցած տղամարդու հետ։ Այդ թիվը մոտ 20 է։ |hetq.am|

18:50- COVID-19-ի կանխարգելման 900005001947 հաշվին 11.05.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,066,772,957,9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 4153։ [ՀՀ ֆինանսների նախարարություն]

18:00- 2020 թ.-ին փոքր բիզնեսի աջակցության ծրագրի շրջանակներում աջակցություն կստանա 50 գործազուրկ մարդ: Այս նպատակով պետական բյուջեից հատկացվել է 50 մլն ՀՀ դրամ: Փոքր բիզնեսի աջակցության ծրագիրը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի շարքում ի սկզբանե եղել է ամենապահանջվածներից: Կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխատաշուկայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ծրագրի պահանջարկը գնալով մեծանում է: [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն] 

17:55- ԿԲ-ն, մշտադիտարկելով COVID 19-ի տարածմամբ պայմանավորված իրավիճակը և գնահատելով դրա հավանական ազդեցությունը ՀՀ տնտեսության, ֆինանսական համակարգի, ինչպես նաև ֆինանսական ծառայություններից օգտվողների վրա, իրականացրել և շարունակում է իրականացնել մի շարք միջոցառումներ ՀՀ-ում գների կայունության, ֆինանսական համակարգի կայունության և անխափան գործունեության ապահովման նպատակով: [ԿԲ]

17:30- Վարակված  և բուժված քաղաքացիների վիճակը լավ է։ Բուժված քաղաքացիների մոտ նույնպես, հետագայում բարդություններ չեն առաջացել։ Միայն երկու հոգու մոտ է առաջացել թոքաբորբ, մյուսների մոտ լուրջ սիմպտոմներ չեն նկատվել։ Այս պահին դեռ չառողջացած վեց  քաղաքացիները նույնպես որևէ բարդացում չունեն, իրենց լավ են զգում։[Արցախի պարետ Գրիգոր Մարտիրոսյան]

17:10- Այս պահին ունենք  հաստատված 14 դեպք, որոնցից 8-ը արդեն առողջացած են, բուժվող անձանց թիվը 6-ն է։ Բոլոր  վարակի օջախները կարող ենք համարել մարված։ Այդ 6 դեպքերը նույն աղբյուրից են՝ Շահումյանի շրջանի երկու համայքներից։ [Արցախի պարետ Գրիգոր Մարտիրոսյան]

16:30-  Հայաստանի մարմնամարզության տարբեր տարիքային ընտրանիների ներկայացուցիչները նորից մարզվում են: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը շեշտեց, որ պահպանվում են անվտանգության բոլոր նորմերը: Սերոբյանի խոսքով` առաջիկայում ոչ մի մրցաշար չի պլանավորվում, և գարնան համար նախատեսված բոլոր գավաթային խաղարկությունները կկայանան աշնանը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մոտ երկու ամիս հավաքական թիմերը չէին մարզվում: |armenpress.am|

 

15:11-  Մայիսի 11-ին ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի տարածման դեպքերի կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման նպատակով ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գրասենյակի (DTRA)  կողմից ԱԻՆ-ին տրամադրվեց աջակցություն՝ անհատական պաշտպանական միջոցների տեսքով (շնչադիմակ, ձեռնոց, պաշտպանիչ ակնոց, քլորի և ալկոհոլի հիմքով վարակազերծող նյութ): [ԱԻՆ]

 

15:08- Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 360 է, որոնցից 159-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 197 պացիենտ: [Արարատի մարզպետ Գարիկ Սրագսյան]

 

15:00- Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը‚ կմեկնարկի Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթը։ Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և պանդեմիայի հետևանքով ամբողջ աշխարհում տեղաշարժի սահմանափակումները՝ կազմակերպիչները որոշում են կայացրել մրցույթն անցկացնել առցանց ձևաչափով։ Մրցույթի ամբողջ ընթացքը՝ բացման և փակման համերգները‚ մրցութային փուլերը‚ հեռարձակվելու են Խաչատրյանի մրցույթի պաշտոնական կայքով՝ https://bit.ly/2zYUgCg ։

 

14:23-  Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանցից 71-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Առողջացածների թիվն ավելացել է ևս երկուսով, 26 առողջացման դեպք կա։ 21 հիվանդներ բուժում են ստանում Երևանում: Հիվանդության անախտանիշ ընթաքով 50 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։ Շիրակի մարզում մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 271 քաղաքացի։ [Շիրակի մազրպետարան]

 

14:19- Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, ապաքինվել է եւս 10 քաղաքացի։ Բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված քաղաքացիների շրջանում։ Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր եւ Մարտունի (քաղաք) համայնքներում։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]

 

14:10- Պարետի նոր որոշմամբ` ևս 52 ընկերության արգելվեց գործունեության ծավալումը։ [ԱԱՏՄ] Տեսնել ընկերությունների ցանկը:

 

13:17- Արցախի Հանրապետությունում 2020 թ․ ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է  30 օրով՝ մինչեւ 2020 թվականի հունիսի 11-ը` ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով: [Արցախ/ Տեղեկատվական շտաբ]

 

12:35- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թ․ մայիսի 20-ը ներառյալ: Խնդրում ենք այն հարկ վճարողներին, որոնք ստացել են ծանուցում (10-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ) և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից` միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումները ներկայացնել նշված ժամկետում: [ՊԵԿ]

 

12:17- Վերջին երկու օրերին Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք: Մայիսի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 387 հաստատված դեպք, որից առողջացել է 175 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 8 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]

 

11։02-  ՏՄՊՊՀ-ն հրապարակել է երեք խոշոր դեղատնային ցանցերում՝ «Նատալիֆարմ», «Վագա ֆարմ» ՍՊԸ-ներում և «Ալֆա ֆարմ» ՓԲԸ-ում, ձեռքի ախտահա:նիչ միջոցների և բժշկական դիմակների գների մոնիթորինգի արդյունքները ընթացիկ տարվա մարտի 16-ից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում: Ձեռքի ախտահանիչ միջոցները վաճառվել են 740-990 դրամով, դիմակի գինը կազմել է 200–250 դրամ: Գները հիմնականում կայուն են եղել: [ՏՄՊՊՀ]

 

10։59- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 69 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]

 

10։56- Թարմացվել է 11.05.2020թ․ ժամը 11։00-ին

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 3392 (+79)
Առողջացածներ – 1359 (+34)
Փաստացի բուժվողներ -1970
Ընդհանուր թեստեր – 32561
Մահվան ելքեր – 46 (+1)
Մահվան ելքեր այլ պատճառով –17 (+2) [ԱՆ]

 

09։14- Կառավարության ընդունած հակաճգնաժամային 17 միջոցառումների շրջանակներում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց միջեւ բաշխվել է 70.3 միլիարդ դրամ: [Նիկոլ Փաշինյան]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․05․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 11․05․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 10․05․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն