Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․05․20 (թարմացվող)

23։16- Քանի դեռ կարողանում ենք հայտնաբերած բոլոր պացիենտներին վերահսկողության տակ պահել, մեծամասամբ վերահսկում ենք իրավիճակը։ Բայց շատ մոտ է օրը, երբ արդեն դրական սիմպտոմներ չունեցող պացիենտներին ուղարկելու ենք տուն, որովհետեւ արդեն իմաստ չկա նրանց պահելու ինչ-որ տեղում։ Հնարավոր է՝ մյուս շաբաթ ասեմ, որ ավելի քիչ ենք վերահսկում իրավիճակը, բայց մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք բուժական պրոցեսի վրա։ [Արսեն Թորոսյան]

23։07- Եթե հունիս-հուլիսին, երբ շատ շոգ կլինի, չունենանք շատ հիվանդներ, հոկտեմբերից, նոյեմբերից՝ կախված եղանակից, ունենալու ենք կտրուկ աճեր։ Ամառվա ընթացքում պետք է պահենք նույն վարքագիծն ու կանոնները, որպեսզի աշնանն ու ձմռանը կառավարելի մեծացումներ ունենանք։ [Արսեն Թորոսյան]

22։02- ՀՀ կառավարության վաղվա նիստում ներառված է  Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին որոշման նախագծի քննարկումը։ Նախագծով առաջարվում է արակարգ դրության ռեժիմը երկարացնել 30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը։

21:02- Պարետի որոշմամբ` այսօր 132 ընկերության գործունեություն ժամանակավորապես կասեցվել է: Մշտադիտարկումներն արվել են սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղերում, խանութներում, գեղեցկության սրահներում եւ այլն: Տիգրան Ավինյանի այսօրվա մեկ այլ որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է ևս 45 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի աշխատանքը: Տնտեսվարող սուբյեկտների թվում են ընկերություններ, որոնք գործում են ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ-ի 5 մարզերում: [ԱԱՏՄ] 

 

20:56-  ԱՀ պարետի որոշման մեջ կատարվել են փոփոխութուններ, համաձայն որի` Մամուլի հետ կապերի պատասխանատու, ԱՀ Նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանին (համաձայնությամբ) փոխարինել է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սամվել Բալայանը: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]

 

20։16- Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության աշխատակիցներից 2-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այդ մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի լրատվական վարչությունից: Երկու աշխատակիցներն էլ մեկուսացված են: |armenpress.am|

 

19։53- Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Ապաքինվել է եւս 7 մարդ: [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]

 

17։19- Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Պարետատան, Աշխատանքի և սոցիալական հարցերի,  Առողջապահության, ՏԿԵ նախարարությունների և  մարզպետարանների հետ համագործակցությամբ իրականացնում է մարդասիրական գործառույթներ։ Աբովյանի տարածաշրջանում առաջնային անհրաժեշտության սննդի և հիգենիկ պարագաների փաթեթներ կտրամադրվեն շուրջ 610 ընտանիքի: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]

 

16։25- ՀՀ ՔԿՀ-ներում մայիսի 11-ի դրությամբ կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ COVID-19 չի ախտորոշվել։ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ քրեակատարողական ծառայողներից 11-ի մոտ ախտորոշվել է  կորոնավիրուս։ 7-ն արդեն ապաքինվել է։ |armenpress.am|

 

16։18- ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեսակապով զրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ։  Նրանք տեղեկություն են փոխանակել համավարակի դեմ երկու երկրների կողմից իրականացվող միջոցառումների, այս ընթացքում խորհրդարանների աշխատանքի մասին։

 

14։33- Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք: Մայիսի 13-ի դրությամբ մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 400 հաստատված դեպքեր, որից առողջացել են 181 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 9 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]

 

14։28-Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք ուղղակի, բայց սահմանափակումների ռեժիմը ավելի թեթև կլինի։  Այսօր քննարկում ենք ունեցել, թե ինչ պետք է անենք։ Պետք է խստացնենք միջոցները կորոնավիրուսի պայմաններում բնականոն կյանքով ապրելու։ Եթե պարզվի, որ փակ տարածքներում դիմակ կրելը պետք է պարտադիր լինի, ուրեմն կլինի պարտադիր։ Չենք կարող կիսատ կյանքով ապրել, ինչը չի նշանակում, որ պետք  է անկաշկանդ վարակենք և վարակվենք։ [Նիկոլ Փաշինյան]

 

14։02- Մայիսի 13-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք: Ունենք 110 առողջացած և 172 ինքնամեկուսացած: Այս ողջ ժամանակահատվածում ունեցել ենք մահվան 3 դեպք: [Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան]

 

13։56-  Ստացվել են թեստավորված 31 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնցից 25-ը բացասական են, իսկ 6-ը՝ դրական, նրանց մոտ կորոնավիրուսի վարակը հաստատվել է: 6 քաղաքացուց 4-ը մեկուսացման մեջ գտնվող նույն ընտանիքի անդամներ են, որոնց ընտանիքի մեկ այլ անդամի մոտ կորոնավիրուսի վարակը հաստատվել էր օրեր առաջ: Մյուս երկու քաղաքացին Շահումյանի շրջանում օրեր առաջ գրանցված դեպքի շփման շրջանակից են (Քարվաճառ քաղաքից): Առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 20 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]

 

13։09- Վերջին երկու օրում Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացման 32 դեպք է արձանագրվել, ընդհանուր առմամբ առողջացածների թիվը 58 է։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով 70 հիվանդ է բուժվում, նրանցից 58-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 25 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 6 դեպք: Հիվանդության անախտանիշ ընթաքով 58 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։ [Շիրակի մարզպետարան]

 

12։34-  2020 թ. Հայաստանի ՀՆԱ-ն 3,5 տոկոսով անկում կապրի կորոնավիրուսային համավարակի տնտեսական ազդեցության պատճառով, ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)` այսօր հրապարակված նոր մակրոտնտեսական կանխատեսման մեջ: Բանկն ակնկալում է, որ Հայաստանում տնտեսությունը կվերականգնվի 2021 թվականին՝ գրանցելով ՀՆԱ-ի 5,5 տոկոս աճ։ |hetq.am|

 

12։07-  Արտակարգ դրության պայմաններում բուժաշխատողների տեղաշարժն ապահովելու համար Գյումրու համայնքային բյուջեից գումար է հատկացվում: Գյումրու քաղաքապետարանն ապրիլի 1­ից մինչև մայիսի 1-ը կազմակերպել է նրանց տեղափոխումը՝ այդ նպատակով  բյուջեից 5 միլիոն 280 հազար դրամ հատկացնելով։ Մայիսի 2-14-ն  ընկած ժամանակահատվածի համար ևս նախատեսվում է ֆինանսավորել 3 միլիոն 120 հազար դրամ: Արտակարգ դրության երկարաձգման պայմաններում անհրաժեշտություն կառաջանա ևս 4 միլիոն 80 հազար դրամ փոխանցելու։ |armenpress.am|

 

11։24- Եթե այս տեմպերով գնանք, նոր հիվանդացության դեպքերն այս տեմպերով ավելանան, մենք ստիպված ենք նորից գնալու սահմանափակումների։ Սահմանափակումների նպատակն այն է լինելու, որ մենք չունենանք  այնպիսի իրավիճակ, որ բուժօգնության կարիք ունեցող որևէ քաղաքացի մնա առանց բուժօգնության։ Կրկին խիստ սահմանափակումներ վերադառնալը անցանկալի է բոլորիս համար։ [Նիկոլ Փաշինյան]

 

10։58- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 65 տարեկան (տղամարդ), չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն։ Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 21 է։ [ԱՆ]

 

10։53- Թամացվել է 13.05.2020թ․ ժամը 11։00-ին

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 3718 (+180)
Առողջացածներ – 1500 (+70)
Փաստացի բուժվողներ -2149
Ընդհանուր թեստեր – 34766
Մահվան ելքեր – 48(+1)
Մահվան ելքեր այլ պատճառով –21[ԱՆ]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14․05․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 13․05․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․05․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով