17։21-Երկու օր մշտադիտարկումներ են իրականացվել Գյումրի քաղաքում: Խախտումներ արձանագրվել են հինգ ընկերությունում. թերի են լրացվել ջերմաչափման գրանցամատյանները, և սպասարկումն իրականացվել է առանց դիմակի: Զուգահեռ ստուգայցեր են իրականացվել նաև մայրաքաղաքում: Նախօրեին խախտում արձանագրվել է միայն մեկ հանրային սննդի կետում, իսկ այսօր իրացման ցանցի կազմակերպություններում ու սննդի արտադրություններում ստուգայցերը արձանագրել են դրական պատկեր: [ՍԱՏՄ]
14։20- Ասում եք՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Եթե ամեն քաղաքացի, դիմակ չկրելով, մեր պետությանը պատճառում է 30, 40, 50 հազար դրամանոց վնաս, արդյո՞ք այդ դեպքում արդարացված չէ 10 հազար դրամ տուգանք սահմանելը դիմակ չկրելու համար։ Դրա համար ես խնդրում եմ՝ այնպիսի տպավորություն չստեղծեք, որ պետության նապատակը տուգանքներ հավաքելն է սեփական քաղաքացիներից։ [Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյան] |lragir.am|
13։10-Նոր ուսումնական տարուն զուգահեռ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է շահագործել պահուստային 50-ից ավելի ավտոբուս: Այդ ավտոբուսները պատկանում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին: Այս մասին հայտնեց քաղաքապետի մամուլի խոսնակը: Ավտոբուսները երթուղի դուրս կգան, որպեսզի ուղևորները համավարակի պայմաններում պարտադրված չլինեն մարդաշատ հասարակական տրանսպորտով երթևեկել: |hetq.am|
13։00- Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախատեսվում է այլևս չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, և այն փոխարինել կարանտինով։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 80 կողմ, 28 դեմ ձայներով։
12։25- Այն դրույթը, որը սահմանում է, որ միջազգային առողջապահական կազմակերպության որոշումները պետք է պարտադիր լինեն այդ բնագավառում ՀՀ-ում, հակասում է մեր Սահմանադրությանը: Այս դրույթը պետք է ամբողջությամբ հանել, ինչքան էլ ԱՀԿ-ն լավ որոշումներ կայացնի, դրանք ուղղակի գործողություններ չպետք է ունենան Հայաստանում։ [Տարոն Սիմոնյանը՝ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը] |armenpress.am|
12։00- Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթին, որի ընդունումը հնարավորություն կտա այլևս չերկարաձգել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը: Ըստ նախագծի՝ վարակիչ հիվանդությունների՝ ՀՀ տարածք ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի դեպքերում կարող է սահմանվել կարանտին: |armenpress.am|
11:25- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 3 նոր դեպք: Առողջացել է 5 քաղաքացի: Առայսօր վարակը հաստատվել է 302 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 30, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր։ [Արցախ/տեղեկատվական շտաբ]
11:03- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ), 81 (կին), 61 (կին) և 83 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]
11:00- Սեպտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 44461 դեպք, որոնցից 39257-ն` առողջացած, 891-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4041 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 213644 թեստավորում: Մեկ օրում իրականացվել է 2363 թեստավորում։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 190 նոր դեպք և 402 առողջացած։
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 05․09․20