«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջարկում է անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի՝ սահմանելով 23%, այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվա¬կա¬նը աստիճանաբար նվազեցնել` դարձնելով 20%:
Ներկայումս գործում է եկամտային հարկի եռաստիճան՝ 23% (մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար), 28% (150 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ) և 36% (2 միլիոն դրամից բարձր) դրույքաչափեր: Այսպիսով, նախատեսվող փոփոխությունները մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողներին չեն վերաբերելու. նրանք շարունակելու են հարկվել 23%-ով:
Նախագծի, դրա էության ու հնարավոր հետևանքների մասին զրուցել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությա անդամ Վահագն Ալեքսանյանի հետ։
-Ի՞նչ խնդիր է լուծելու եկամտի համահարթ դրույքաչափի անցման մոդելը։ Ո՞րն է նպատակը։
Ըստ իս՝ եկամտահարկի համահարթեցման լուծելիք կարևորագույն խնդիրը սոցիալական արդարության հաստատումն է։ Նախ եկեք հասկանանք մի կարևոր բան․ աշխատավարձ ստացող մարդիկ օլիգարխներ չեն, մեծահարուստներ չեն, հանցագործներ չեն։ Եթե մարդը իր իսկ ուժերով, իր իսկ ջանքերով կարողացել է ձեռք բերել համապատասխան գիտելիքներ, հմտություններ, փորձառություն, որպեսզի իր աշխատանքի համար ստանա (մաքուր) 109 750 դրամ և ավելի աշխատավարձ, մենք չպիտի դրա համար պատժենք մարդուն ավելի բարձր հարկային դրույքաչափով։
Վերջիվերջո պետք է հասկանալ, որ այս մարդիկ հենց մենք ենք, մեր ընկերները, որ համալսարանում մի քանի լեզու ավելի են սովորել, մի քանի տարի ծրագրավորում են սովորել, մի քիչ ավելի շատ հմտություն ունեն կամ, ինչու ոչ, հենց ծանր ֆիզիկական աշխատանք անող և շաբաթական ավելի շատ աշխատանքային ժամեր ունեցող մարդիկ են։
Հայաստանում պրոֆեսիոնալ լինելը և ավելի շատ ժամեր աշխատելը չպիտի պատժվի։ Դա անտրամաբանական է։ Եվ նաև շատ կարևոր է հասկանալ, որ նախագծի համաձայն՝ ոչ մեկի հարկային բեռը չի ավելանալու։ Այսինքն՝ եթե Եվրոպայում, ԱՄՆ-ում և այլուր համահարթեցման դեմ հիմնական բողոքը այն մասով է, որ ուզած-չուզած պիտի բարձրացվի ցածր աշխատավարձ ստացողների հարկը և բերվի միջին մի տոկոսի, ապա մեզ մոտ այս խնդիրն ուղղակի չկա։ Կառավարությունը համահարթեցումը պլանավորում է ստորին շեմով, եթե ավելի պարզ ասեմ, կստացվի, որ 109 750 դրամ և ավել ստացողները շահելու են հիմա, իսկ ավելի ցածր ստացողները՝ մինչև 2022 թվականը, երբ նախատեսվում է շեմը սահմանել 20%։
-Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ հարկային օրենսգրքով նախատեսվող հարկի համահարթեցումը նպատակ ունի բարձրացնելու բարձր որակավորում ունեցող մարդու աշխատավարձը։ Արդյո՞ք այս փոփոխություններն իսկապես դրական տեղաշարժ կբերեն այս առումով և ո՞րն է այդ մեխանիզմը։
Մեխանիզմը շատ պարզ է, եթե ինչ-որ մեկը ստանում է (կեղտոտ) 150 000 դրամ և ավել աշխատավարձ, ապա օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նրա եկամտահարկը ուղղակի կկրճատվի և նրա աշխատավարձը ավտոմատ կբարձրանա։ Բացի սրանից չենք ունենա կազուսային վիճակներ, երբ մարդիկ տարիների համառ աշխատանքի շնորհիվ վերջապես կարիերային աճ են ունենում և ստանում նոմինալ աշխատավարձի զգալի ավելացում, բայց դա իրենց մաշկի վրա չեն զգում՝ հարկման նոր շեմ մուտք գործելու պատճառով։ Կարծում եմ՝ բոլոր առումներով սա միայն դրական տեղաշարժ է։
-Կարծիքներ կան, որ բարձր աշխատավարձերը քիչ հարկելով պետությունը չի խթանում բարձր աշխատավարձեր վճարելը, այլ մեծացնում է սոցիալական բեռը։ Ստացվում է, որ բարձր աշխատավարձ ստացողներիի վրայից հարկային բեռը տեղափոխվում է ցածր եկամուտ ունեցողների ուսերին։ Ի՞նչ եք մտածում այս առումով։
Ինչպե՞ս կարելի է պնդել, որ բեռը տեղափոխվում է ցածր եկամուտ ունեցողների վրա, եթե ցածր եկամուտ ունեցողների հարկման դրույքաչափը փաստացի հիմա մնում է նույնը, իսկ հետագայում էլ նվազելու է և 23% -ից դառնա 20%։
Այդ մարդկանց հիմնական արգումենտն այն է, որ սրան զուգահեռ բարձրանալու է ակցիզային հարկը, չգիտես ինչու և որտեղից այս մարդիկ այդ երկու երևույթները կապել են իրար։ Ուզում եմ հստակեցնել․ ակցիզային հարկի ավելացումը, այսինքն՝ ծխախոտի և ալկոհոլի թանկացումը, առողջապահության բնագավառում ստրատեգիական քայլերի շրջանակում է արվում և ոչ մի կապ չունի եկամտահարկի հետ։ Լինի եկամտահարկը պրոգրեսիվ, թե համահարթ՝ օղին ու սիգարետը թանկանալու են։
-Բերվում է այն հիմնավորումը, որ բարձր աշխատավարձ ստացողից քիչ հարկելով՝ բյուջեում առաջացած պակասորդը լրացվելու է որոշ ապրանքատեսակների ակցիազային հարկն ավելացնելով, այդ ապրանքների շրջանակը ընդլայնելով, ինչը կբերի գնաճի։ Համաձա՞յն եք այս կարծիքի հետ և հնարավոր կլինի՞ խուսափել գնաճից։
Նախորդ հարցին պատասխանելիս հենց սրա մասին խոսեցի, բայց հարկ եմ համարում մեկ անգամ էլ կրկնել․ առողջապահության ոլորտում ստրատեգիական քայլերը բերել, կապել եկամտահարկի հետ անլուրջ է։ Դրանք Արսեն Թորոսյանի նախաձեռնած հակածխախոտային արշավի մաս են կազմում, որը կազմելիս նախարարը հաշվի է առել միջազգային փորձը և գոնե իմ կարծիքով՝ չի էլ մտածել կոնկրետ պահի երկրում գործող եկամտահարկի տեսակի մասին։ Սա ընդհանրապես նույն մանիպուլյացիաների շարքից է, որ 109 000 ստացողներին «հարուստ» են անվանում ու տարբեր գրաֆիտիներով նրանց «ուտելու» կոչեր անում։
-Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, որպես համահարթ դրույքաչափի առաջարկվող տարբերակին այլընտրանք, օրերս ներկայացրեց եկամտային հարկի փոփոխության մեկ այլ տարբերակ։ Ծանո՞թ եք այս առաջարկին և ինչպե՞ս եք վերաբերվում։
Ծանոթ եմ, իհարկե, բայց վերաբերմունքս խիստ բացասական է։ Պարոն Թունյանի առաջարկով, պետությունը պիտի քեշբեք տրամադրի 109 000 դրամ և ավել ստացողներին, եթե վերջիններս իրենց իսկ վճարած 5% կամ 13% հարկերի գումարը որոշեն ծախսել ասենք՝ թատրոն գնալու վրա։ Իսկ ի՞նչ անի այն մարդը, ով ուզում իրենից գանձված մի քանի հազար դրամով փոփքորն գնել ու Նեթֆլիքսի սերիալները նայել կամ ուղղակի ընտանիքի հետ մի օր գնալ ու ընթրել ռեստորանում։
Կարևոր է հասկանալ՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար են պետության առաջ։ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները՝ անկախ իրենց վճարած հարկերի տոկոսներից, պետությունից ստանում են կատարելապես նույն ծառայությունները․ նույն ոստիկանությունը, նույն շտապ օգնությունը, նույն անվտանգությունը, նույն կերպ զորակոչվում են բանակ և այլն։
Այսինքն, անկախ նրանից՝ դու 23% եկամտահարկ ես վճարում, թե 28, թե 36%, դու ոչ մի արտոնություն չունես։ Իսկ ինչ վերաբերվում է այս կոնտեքստում սոցիալական արդարությանը․ ինչքանո՞վ է սա արդար։ Եթե ենթադրենք՝ ես շատ եմ ստանում, իմ վճարած 23% տոկոսը արդեն իսկ շատ է ցածր ստացողի 23%-ից։ Վերջ։ Սա է արդարությունը։
-Ի՞նչ դրական փոփոխություններ եք ակնկալում այս փոփոխությունների արդյունքում։
2018թ․-ին, տարբեր տվյալներով, Հայաստանում գրանցված աշխատողների քանակը ավելացավ մոտ 38 000-ով, և սա առանց հարկային բեռի թեթևացման։ Վստահ եմ՝ բարեփոխումից և փաստացի բեռի թեթևացումից հետո թիվն ավելի կմեծանա։
Մյուս կողմից․ արդեն նշեցի, որ աշխատավարձ ստացող մարդիկ գոնե Հայաստանում հարուստներն ու մեծահարուստները չեն։ Բարձր աշխատավարձ ստացողները բարձր որակավորում ունեցող, մի քանի գիտական աստիճան ունեցող, մի քանի ավել հմտությունների տիրապետող մարդիկ են, ովքեր իրենց պիտանելիությունը ապացուցել են գործատուին և մրցույթային կարգով անցել աշխատանքի։
Այսինքն՝ դրանք նաև մարդիկ են, ովքեր աշխարհի ցանկացած կետում կգտնեն իրենց աշխատանքը։ Մենք խնդիր ունենք ոչ միայն այս մարդկանց երկրում պահելու, այլև արտասահման մեկնած, բարձր որակավորում ունեցող մեր հայրենակիցներին իրենց հայրենիքում աշխատելու համար օպտիմալ պայմաններ ստեղծելու։ Եկամտի հարկման համահարթ եղանակը գոնե որոշ չափով լուծում է այս խնդիրը։ Մենք պետք է հասկանանք, որ որպես հասարակություն, որպես պետություն խնդիր չունենք պատժելու մարդկանց, ովքեր շատ և լավ են աշխատում։
Մարգարիտա Ղազարյան