«Զանգակ» հրատարակչությունը և «Յունիվերս» լեզվի կենտրոնը լույս են ընծայել «Ծանոթ գիր անծանոթ գրչով» խորագրով ժողովածուն՝ նպաստելու Հայաստանում գերմաներենի թարգմանիչների նոր սերնդի առաջխաղացմանը:
Թարգմանչական բնական սերնդափոխություն իրականացնելը «Յունիվերս» լեզվի կենտրոնը համարում է իր խնդիրներից մեկը, քանի որ կենտրոնը, ուսումնական ծրագրերի իրականացումից զատ, նպատակ բարենպաստ միջավայր ստեղծելու Հայաստանում գերմաներենի զարգացման և երկու լեզուների փոխհարստացման համար:
«Ժողովածուն նպատակ ունի ճանաչելի դարձնելու երիտասարդ թարգմանիչներին և ցույց տալու նրանց առայժմ համեստ, բայց մեծ հնարավորություններ ներկայացնող ներուժը», – ասաց Յունիվերս լեզվի կենտրոնի տնօրեն Քրիստինե Մկրտչյանը:
2017 թվականին «Յունիվերս»–ը անցկացրեց «Իմ առաջին թարգմանչական քայլերը» խորագրով մրցույթը, որին մասնակցելու հայտ ներկայացրին 60–ից ավելի թարգմանիչներ: Գերմաներենի մասնագետներից կազմված խորհուրդն ընտրեց 14 լավագույն թարգմանությունները, և Հակոբ Մովսեսի խմբագրությամբ ու «Զանգակ» հրատարակչության աջակցությամբ հրատարակվեց «Ծանոթ գիր անծանոթ գրչով» խորագրով ժողովածուն:
Գրքի շնորհանդեսը կայացավ երեկ՝ «Զանգակ» գրատանը: Երիտասարդ թարգմանիչները ներկայացրեցին Կաֆկայի, Ֆոնտանեի, Շիլլերի, Նովալիսի, Գյոթեի և այլ հեղինակների մինչ այժմ չհրատարակված գործերը: