36b70ca1da4c35eeed7e12273b49553f.jpg

Շեշտը պետք է դնել ոչ թե ֆեյքերի վրա, այլ կոչերի, որոնք քրեորեն հետապնդելի արարքներ են համարվում. Արթուր Սաքունց |lragir.am|

lragir.am: Զրույց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո ֆեյքերի գործով ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ձերբակալվել է։ Շատերը սա գրաքննություն են համարում, շատերը՝ անհրաժեշտություն։ Ինչպե՞ս եք գնահատում նման փաստը։

Ես ավելի շուտ սա կանվանեի ոչ թե ֆեյքերի խնդիր, այլ ատելության, բռնության, թշնամանքի, սպառնալիքի արտահայտությունների կանխման և դրանց դեմ պայքարի խնդիր։ Այսինքն շեշտը պետք է դնել ոչ թե ֆեյքերի վրա, այլ կոչերի, որոնք քրեորեն հետապնդելի արարքներ են համարվում, երբ ատելության, բռնության թշնամանքի կոչերն ուղղված են որևէ անձի կամ անձանց հանդեպ՝ կախված նրանց որևէ հատկանիշի, նրանց գործունեության, հայացքների կամ կարծիքի արտահայտման հետ։ Սա իսկապես լուրջ խնդիր է և իսկապես պետք է իշխանությունը և հատկապես իրավապահ մարմինները հետամուտ լինեն, որովհետև դրանք քրեորեն հետապնդելի արարքներ են՝ անկախ նրանից դրանք ֆեյք կլինեն, թե ոչ։ Շատ դեպքերում նաև հրապարակային հանդես եկող անձինք են ատելության, թշնամանքի ու բռնության կոչեր անում։

Երկրորդ, միանշանակ է, որ դրանով չպետք է զբաղվի ԱԱԾ-ն։ Ավելին, ընդհանրապես, ԱԱԾ-ն չպետք է ունենա լիազորություն զբաղվելու որևէ քրեական գործի քննությամբ, բացահայտմամբ, որոնք վերաբերվում են զուտ պետության սահմաններից ներս գտնվող հարաբերություններին։ ԱԱԾ-ն տարիներ շարունակ հենց իր այդ գործառույթի «շնորհիվ» օգտագործվել է որպես հետապնդման գործիք։ ԱԱԾ-ն պետք է զբաղվի միմիայն հետախուզությամբ և հակահետախուզությամբ, նաև քննչական գործառույթներ չպետք է ունենա։ Եթե հետախուզության և հակահետախուզության ոլորտում ձեռք են բերվում այնպիսի փաստեր, որոնք ենթադրում են քրեական հետապնդում, ապա դրա հարցով պետք է զբաղվի դատախազությունը, իսկ քննությամբ պետք է զբաղվեն կան ՀՔԾ-ն, կամ Քննչական կոմիտեն։ Սա է, որ լիովին կհամապատասխանի իրավական պետության սկզբունքներին, տարանջատման սկզբունքին և, ի վերջո, ԱԱԾ-ն կզբաղվի զուտ այն գործառույթներով, որոնց համար ստեղծված է։

Բոլոր դեպքերում, արդյոք նման խնդրին անդրադառնալը պահի հրամայականն էր, Դուք վերջին շրջանում ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքներ տեսնո՞ւմ էիք:

Այն, ինչի մասին հիմա խոսում ենք, հասարակական անվտանգության հետ կապված հարցեր են։ Խոսքը վերաբերում է հանրության մեջ տարբեր ներկայացուցիչների կողմից բռնության, ատելության, թշնամանքի սպառնալիքներին։ Դա չի կարող ազգային անվտանգության խնդիր համարվի։ Ազգային անվտանգության խնդիր կարող է համարվել այնքանով, որքանով այն հասարակական անվտանգությանն է վերաբերվում։ Ազգային անվտանգությունը երկու պայմանական մասերից է բաղկացած. Հասարակական անվտանգություն և արտաքին մարտահրավերներից անվտանգ մնալու խնդիրը։ Հասարակական անվտանգությամբ պետք է զբաղվեն ոստիկանությունը և քննչական մարմինները, իսկ արտաքին մասով, հետախուզությամբ և հակահետախուզությամբ պետք է զբաղվի ԱԱԾ-ն։

կարդալ ավելին

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն