016b19e15cb8253df4588ee6e160196d.jpg

Հայաստան-Սփյուռք՝ հետհեղափոխական շեշտադրումներ. Սյուզաննա Բարսեղյան |aniarc.am|

aniarc.am։ Հայաստանում 2018 թվականի ապրիլյան հեղափոխությունից հետո ներքաղաքական փոփոխությունների համատեքստում քննարկումներ ծավալվեցին նաև Սփյուռքի նոր քաղաքականության շուրջ:

Դա հատկապես պայմանավորված էր Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներում Սփյուռքի աննախադեպ ներառմամբ, հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունների վերանայման և համազգային օրակարգի ձևավորման անհրաժեշտությամբ: Սակայն Սփյուռքի նոր քաղաքականության մշակման և իրագործման համար հետագա գործնական քայլերը սկսեցին չհամապատասխանել քաղաքական հայտարարություններին և առաջ քաշված խնդիրներին: Այս ընթացքում մշակված քաղաքականության փաստաթղթերը, իրականացնող կառույցների և գործառույթների սահմանումը նեղացնում են Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, մինչդեռ քաղաքական հայտարարությունները հակառակի մասին են:

Այսպես, Սփյուռքի քաղաքականության վերլուծության համար դիտարկենք այդ քաղաքականության շրջանակները սահմանող առկա փաստաթղթերը: Դրանք են՝ Կառավարության ծրագրերը (ընդունված 2018 և 2019 թվականներին)[1], 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը[2], «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը[3]:

Հարկ է նշել, որ այս ժամանակահատվածում բուն Սփյուռքի քաղաքականության միակ փաստաթուղթը՝ «Սփյուռքի քաղաքականության ռազմավարության հայեցակարգ. նախագիծն» [4]  է, որը մշակվել է ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի, նախարարի խորհրդական Վահե Սահակյանի (սփյուռքագետ, Միչիգանի համալսարան) կողմից և Սփյուռքի ուսումնասիրություններով զբաղվող հեղինակավոր մասնագետների խորհրդատվությամբ: Այն հրապարակվել է խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ և զարմանալիորեն այդպես էլ չի դրվել հանրային, քաղաքական, մեդիա քննարկման և հետագա որոշումների կայացման հիմքում: Հայեցակարգի միակ գործածումը կարելի է տեսնել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի Սփյուռքին վերաբերող բաժնում:

Նոր կառավարության առաջին ծրագրում (1 հունիսի, 2018թ.) «Հայաստան-Սփյուռք կապեր» բաժինը հպանցիկ անդրադառնում է Սփյուռքի հետ հարաբերություններին: Որպես առաջնահերթություններ նշվում են (խմբ.)՝ ա) հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, մտավոր ներուժի կենտրոնացում Հայաստանում,  բ) Սփյուռքի ներուժը ՀՀ կառավարման համակարգում ներգրավելու արգելքների վերացում, գ) հայկական համայնքներում հայապահպանության գործում Սփյուռքի ջանքերի և դերի կարևորում, դ) մեծ հայրենադարձության հարուցում: Այստեղ կառավարության դերը միայն երևում է Սփյուռքի ներուժը այդ համակարգում ներգրավելու օրենսդրական կարգավորման մեջ: Մյուս կետերը բավականին վերացական են կամ առանց կառավարության հանձնառության: Ամենավիճելին հայրենադարձության հարցն է՝ առանց համապատասխան ռազմավարության կամ ծրագրի:

Հաջորդ պաշտոնական փաստաթուղթը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որտեղ Սփյուռքին վերաբերող հատվածը ներկայացված է բավականին մանրամասն և մշակված՝ ի համեմատություն կառավարության ծրագրերի: Այլ բաժինների մեջ նույնպես անդրադարձ կա Սփյուռքին: Ծրագրում` «Ուժեղ Հայաստան, ուժեղ Սփյուռք» վերտառությամբ բաժինը հավանաբար փոխառվել է «Սփյուռքի քաղաքականության ռազմավարության հայեցակարգ» վերոնշյալ նախագծի` Սփյուռքի քաղաքականության տեսլականից: Ընդհանուր առմամբ, երևում է Սփյուռքի քաղաքականության այդ հայեցակարգի ազդեցությունը ծրագրում Սփյուռքի բաժնի մշակման վրա: Այստեղ կան հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման և հայրենիքի զարգացման կարևոր, մինչև այդ որևէ տեղ չարտացոլված շեշտադրումներ և քաղաքականության ուղղություններ (խմբ.), ինչպիսին են՝ ա) Սփյուռքի ներուժի բացահայտմանն ուղղված հետազոտություններ, ներուժի քարտեզագրում ու ներգրավում, բ) սփյուռքահայերի՝ ՀՀ-ում ներկայացվածության ինստիտուցիոնալացում և կառավարման համակարգում ներգրավելու արգելքների վերացում, գ) Սփյուռքի ուժեղացմանն ուղղված ծրագրերի իրականացում, դ) Հայաստանի անվտանգության ու զարգացման նպատակների համար Սփյուռքի ներուժի հավաքագրում, ե) հայրենադարձության կազմակերպման ծրագրերի մշակում:

«Իմ քայլը» դաշինքի այս ծրագրի Սփյուռքի մասն իր ընդգրկունությամբ և քաղաքականության պատասխանատվությամբ անհամեմատելի է նախորդող բոլոր ծրագրերի, նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2015թ. ծրագրի հետ[5], որտեղ Սփյուռքը հիշատակվում է միայն որպես հայրենադարձության միջոցով ՀՀ-ում բնակչության թվի և ծնելիության աճի կարևոր միջոց: Իսկ «դեպի Հայաստան հարաճուն հայրենադարձությունը» պատկերացվում է որպես հետևանք «մարդու ազատության և արժանապատվության պաշտպանության, ստեղծարար ընդունակությունների և կրթության քաջալերման, իրավունքի և օրինականության վրա հիմնված ազգային միասնության», այլ ոչ թե պետության կողմից հատուկ ծրագրերի մշակման և իրականացման արդյունք:

ՀՀ կառավարության հաջորդ ծրագրում (8 փետրվարի, 2019թ.) «Սփյուռքի հետ կապերը» անվանմամբ ենթաբաժնում սահմանվում է չորս ուղղություն (խմբ.)՝ 1) գիտական, մասնագիտական, կրթամշակութային, տնտեսական և այլ ոլորտներում համահայկական ցանցերի ստեղծում և զարգացում, 2) Հայաստանի զարգացման մեջ Սփյուռքի ներուժի ներգրավում և հանրային կյանքում մասնակցություն, Հայաստան-ընդունող երկիր հարաբերություններում Սփյուռքի դերի մեծացում, 3) հայրենադարձության խթանում և ՀՀ-ում սփյուռքահայերի ինտեգրման աջակցություն, 4) սփյուռքյան կառույցների ամրապնդման և համահայկական խնդիրների լուծման գործում նրանց դերի կարևորում, Սփյուռքի ներկայացուցչական կազմակերպություն ստեղծելու ուղղությամբ ջանքերի գործադրում: Ծրագրի յոթ տարբեր մասերում ուղղակի կամ անուղղակի անդրադարձ կա Սփյուռքին:

Եթե կառավարության առաջին ծրագրին, այն համարելով հետհեղափոխական իրավիճակում շուտափույթ կազմված փաստաթուղթ, կարելի է մեծ ուշադրություն չդարձնել, ապա երկրորդն արդեն, դիտարկելով որպես ընտրություններով իր լեգիտիմությունն ամրագրած և «Իմ քայլը» դաշինքի ծրագրի դրույթներն իրագործելու մանդատ ստացած, իրական քաղաքականության մեջ ամիսների փորձառության և մշակման համար ժամանակ ունեցող իշխանության ծրագիր՝ կարելի է որակել որպես հետընթաց Սփյուռքի` իրենց իսկ հռչակած քաղաքականությունից և քննադատելի է ինքնին որպես ծրագիր մի շարք առումներով: Ծրագրում չափազանց նեղացվել է հայրենիք-սփյուռք ինստիտուցիոնալ հարաբերություններում ՀՀ-ի՝ որպես ազգային պետության դերը և գործառույթները, ներկայացնելով այն որպես կարևորողի, գնահատողի, նպաստողի, ջանքեր գործադրողի, բայց ոչ մշակողի և իրականացնողի կարգավիճակում: Անգամ ենթաբաժնի անվանման մեջ չկա հարաբերության Հայաստան կամ հայրենիք կողմը: Եվ իրավամբ, ըստ այդ ծրագրի՝ Սփյուռքի հետ միայն կապի մասին է խոսքը․․․

Սյուզաննա Բարսեղյան
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատող, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Շարունակությունը կարդացեք aniarc.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն