40ef9659d6bd423a0db3d932788b90a3.jpg

Սահմանին իրավիճակի սրումը ավելի կթեժացնի հակամարտությունը և այդ դեպքում խաղաղ լուծման շանս չկա. քաղաքագետ |armtimes.com|

armtimes.com: Մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Մինսկի խումբը հայտարարեց, որ հանդիպմանը ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը վկայակոչել են Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, կարեւորել հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումն ու ուղիղ հաղորդակցության մեխանիզմների բարելավումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ: Նույն օրը, սակայն, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց, որ «տարածքներ՝ անվտանգության դիմաց» ձեւաչափ չի լինելու. «Ես, որպես պաշտպանության նախարար, ասում եմ, որ այդ ձեւաչափը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», չի լինելու, ես այն վերաձեւակերպել եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»: 

Ինչ զարգացումներ կարող են հետեւել այս ամենին. պատասխանել է քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

– Պարոն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը: Ի՞նչ ակնկալել այս հանդիպումից եւ ի՞նչ եզրակացություններ կարող ենք անել դրանից հետո տեղի ունեցած հայտարարություններից:

– Ընդհանուր առմամբ հանդիպումը կարելի է դրական համարել՝ դատելով հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հաղորդագրությունից, ըստ որի՝ հանդիպումը անցել է դրական մթնոլորտում եւ կողմերը նաեւ որոշել են մի շարք մարդասիրական նախաձեռնություններ իրականացնել, որը նաեւ կնպաստի կողմերի միջեւ փոխվստահելիության մակարդակի բարձրացմանը: Իսկ ընդհանրապես միամտություն կլիներ ակնկալել, որ Փաշինյան-Ալիեւ առաջին հանդիպումից հետո բեկում կլինի բանակցային գործընթացում:

Ղարաբաղյան հակամարտությունն այնքան բարդ հակամարտություն է, որ դրա լուծման համար ոչ թե 1, 2, 3 հանդիպումներ են պետք, այլ տարիներ: Բնականաբար առաջին հանդիպումը չէր կարող բեկումնային լինել: Բայց, ինչպես նշեցի, դատելով կողմերի տարածած հայտարարությունից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունից հանդիպումը դրական է անցել:

– Ինչպես նշեցիք՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ: Հնարավո՞ր է, որ այդ շրջանակներում գերիների փոխանակություն տեղի ունենա եւ առողջական խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը վերադարձվի Հայաստան:

– Ես կարծում եմ, որ դա միանգամայն հնարավոր է, եթե հաշվի առնենք, որ վերջերս ադրբեջանական կողմից ինչ-որ մեկն անցել էր սահմանը: Շատ հնարավոր է գերիների փոխանակում եւ դա միանգամայն տրամաբանական կլինի ու կմեծացնի փոխվստահության մակարդակը: Սա նաեւ շատ կարեւոր ուղերձ կլինի՝ հետագայում կողմերի համար դրական մթնոլորտի ներքո բանակցությունները շարունակելու:
Ընդհանրապես այսպիսի հակամարտությունները միանգամից չեն լուծվում: Դրանք քայլ առ քայլ՝ փոքր քայլերով են լուծվում եւ այս տեսանկյունից շատ տրամաբանական կլինի, եթե երկու կողմերի մոտ գտնվող գերիները փոխանակվեն եւ այլեւս չլինեն գերիներ:

– Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը կտրականապես դեմ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելուն:

– Ալիեւը մտահոգվում է այն պատճառով, որ եթե նա բանակցությունների մեջ մտնի Արցախի ներկայացուցիչների հետ, ապա ըստ էության կճանաչի Արցախի սուբյեկտայնությունը, իսկ Ադրբեջանը վերջին տարիներին փորձում է անել այնպես, որ չճանաչի: Մասնավորապես նրանք անընդհատ իրենց հաղորդագրություններում եւ հայտարարություններում նշում են՝ Ղարաբաղի անջատողական ուժեր, եւ եթե նրանք իրենց կարծիքով բանակցությունների մեջ մտնեն Արցախի ներկայացուցիչների հետ, ապա ըստ էության խոստովանում են, որ հակամարտության եւս մեկ կողմ է նաեւ Արցախի Հանրապետությունը: Այ հենց այս պատճառով Ալիեւը չի ցանկանում ուղիղ բանակցությունների մեջ մտնել Արցախի ներկայացուցիչների հետ: Սակայն կոնֆլիկտի, հակամարտության լուծման համար սա ամենակարեւոր պայմաններից մեկն է, որովհետեւ առանց Արցախի ներկայացուցիչների անհնար է այս հակամարտության լուծումը: Այդ մասին նաեւ նախկինում հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք նշում էին, որ ինչ-որ մի պահից պետք է անպայման Արցախի ներկայացուցիչները միանան այս բանակցություններին: Եթե Ալիեւը իսկապես ուզում է գնալ հակամարտության լուծման, ապա պետք է ընդունի այն փաստը, որ Արցախը հակամարտության կողմ է եւ նրա հետ բանակցությունների սեղանի շուրջ նստի: Սա ոչ հաղթանակ է, ոչ պարտություն, պետք է այս իրողության հետ հաշվի նստել: Եթե Ալիեւն ուզում է այս հարցը լուծել, ապա պետք է Արցախը ներգրավի բանակցություններում, եթե՝ ոչ, ապա նա կշարունակի այս մարտավարությունը:

Շարունակությունը կարդացեք armtimes.com-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն