ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պատասխանել է ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի ֆեյսբուքյան գրառմանը: Գրառման մեջ Գեւորգյանը նշել էր, որ նախարարությունը ֆինանսավորումը դադարեցնելու որոշում է կայացրել եւ շեշտել էր, որ դա ապօրինի է: Նախարարությունը պարզաբանում է հրապարակել պաշտոնական կայքում:
«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիային պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցմանը՝ այն որակելով «անօրինություն եւ ակնհայտ ոչ օրինաչափ»: Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիային պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցման համար հիմք են հանդիսացել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի 2019 թվականի ապրիլի 2-ի N 64-Ա/1 եւ 2017 թվականի հուլիսի 24-ի N 146-Ա/1 հրամանները, ինչպես նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Գործադիր կոմիտեի որոշումը:
Նշենք, որ 2017 թվականի հուլիսի 24-ի N 146-Ա/1 հրամանով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաներին ֆինանսական աջակցության չափի հաշվարկման կարգը, ֆինանսական աջակցության չափը հաշվարկող հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը: Այդ կարգի 3-րդ գլխում սահմանված է ֆինանսական աջակցություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, իսկ այդ գլխի 5-րդ կետի համաձայն ֆինանսական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության անդամ լինելու մասին տեղեկանք»։